Հայաստան — Ղազախստան հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կիրիակոս Աթանասիուն։ Նրա օգնականները կլինեն Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Յուրա Մահտեսյանը։
Կիրիակոս Աթանասիուի համար սա առաջին փորձը չէ հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումներում։ Նախկինում կիպրացի մրցավարն արդեն սպասարկել է Երևանի «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպում, ինչպես նաև մեկական անգամ աշխատել է Հայաստանի մինչև 21 և մինչև 17 տարեկանների հավաքականների խաղերում։
Հայաստան — Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսյան հավաքն անցկացնում է Երևանում և պատրաստվում է երկու ընկերական հանդիպման։ Ղազախստանի հետ խաղից հետո թիմը կմրցի նաև Մոլդովայի հավաքականի հետ։