Մալինինը առաջատար է տղամարդկանց կարճ ծրագրից հետո ՕԽ-2026-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ձմեռային Օլիմպիական խաղեր 2026-ի գեղասահքի մրցումներում ավարտվել է տղամարդկանց կարճ ծրագիրը։ Առաջին օրվա արդյունքում առաջատար է ամերիկացի Իլյա Մալինինը, որը ստացել է տրիբունաների հզոր աջակցությունը և հավաքել 108,16 միավոր։
Մալինինը իր ելույթը սկսեց քառակի ֆլիպով, ապա մաքուր կատարեց եռակի աքսելը, որը հայտարարված էր որպես սոլո ցատկ։ Չնայած հանդիսատեսի սպասումներին՝ ծրագրում քառակի աքսել չկար․ դրա փոխարեն ամերիկացին ցատկային հատվածը ավարտեց տպավորիչ քառակի լուց — եռակի տուլուպ կոմբինացիայով, որի համար ստացավ բարձր GOE։ Եզրափակիչ հատվածում նա ավելացրեց հետադարձ սալտո՝ այս անգամ վստահ կատարելով այն՝ ի տարբերություն թիմային մրցաշարի։ Դատավորները նստած դիրքում պտույտը և քայլերի ճանապարհը գնահատեցին երրորդ մակարդակով։ Դահլիճը պատասխանեց բուռն արձագանքով և կանգնած ծափահարություններով։
Կարճ ծրագրի արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց ճապոնացի Յումա Կագիյաման՝ 103,07 միավոր։ Կագիյաման մաքուր կատարեց քառակի տուլուպ — եռակի տուլուպ կասկադը և քառակի սալխովը, սակայն սխալ թույլ տվեց եռակի աքսելի վրա՝ վայրէջքի ժամանակ քայլ կատարելով։ Դա թույլ չտվեց նրան մոտենալ Մալինինի արդյունքին, թեև ծրագրի մնացած մասը կատարված էր բարձր մակարդակով։ «Kiss and cry»-ում գեղասահորդը ժպտում էր, իսկ նրա մարզիչները՝ Կարոլինա Կոստները և մարզիկի հայրը՝ Մասակաձու Կագիյաման, նույնպես գոհ տեսք ունեին։
Ֆրանսիացի Ադամ Սյաո Հիմ Ֆան դարձավ երրորդը՝ 102,55 միավոր արդյունքով՝ պահպանելով մեդալների համար սուր պայքարը ազատ ծրագրից առաջ։
Տոպ-8-ը տղամարդկանց կարճ ծրագրից հետո.
Իլյա Մալինին (ԱՄՆ) — 108,16
Յումա Կագիյամա (Ճապոնիա) — 103,07
Ադամ Սյաո Հիմ Ֆա (Ֆրանսիա) — 102,55
Դանիել Գրասլ (Իտալիա) — 93,46
Միխայիլ Շայդորով (Ղազախստան) — 92,94
Չա Ջուն Հվան (Հարավային Կորեա) — 92,72
Կևին Այմոզ (Ֆրանսիա) — 92,64
Էնդրյու Տորգաշև (ԱՄՆ) — 88,94
Ռուս գեղասահորդ Պյոտր Գումեննիկը, որը հանդես էր գալիս Էդգար Հակոբյանի երաժշտության ներքո, զբաղեցրեց 12-րդ տեղը։
Ազատ ծրագրին, որը կկայանա ուրբաթ՝ փետրվարի 13-ին, դուրս են եկել 25 լավագույն գեղասահորդները։ Տղամարդկանց օլիմպիական մեդալների համար պայքարը խոստանում է լինել ամենալարվածներից մեկը ՕԽ-2026-ում։



Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0