Լալայանը՝ ԱԱ-2026-ի բրոնզի մասին. «Նույնիսկ այս վիճակում կարող էի հաղթել»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը մեկնաբանել է Չինաստանում կայացած մրցաշարում իր ելույթը։ Հայ գերծանրքաշայինը պատմել է, որ վնասվածքների պատճառով բաց է թողել նախապատրաստության երկու ամիսը և չի հասցրել հասնել անհրաժեշտ մարզավիճակին։
Միաժամանակ Լալայանը կարծում է, որ նույնիսկ այդ պայմաններում կարող էր պայքարել հաղթանակի համար և պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։
«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե անհաջող ստացվեց մեր ամբողջ թիմի համար։ Անձամբ ինձ, հավանաբար, նախապատրաստվելու ժամանակը չբավարարեց։ Վնասվածքների պատճառով երկու ամիս բաց թողեցի և չհասցրի մարզավիճակ հավաքել։ Բայց իմ պայքարը ցույց տվեց, որ նույնիսկ այս վիճակում կարող էի հաղթել մրցակիցներիս։ Ինչ-որ բան չբավականացրեց, և չկարողացա պաշտպանել չեմպիոնական տիտղոսը», — ասել է Լալայանը։
Ծանրորդը նշել է, որ մրցակիցների արդյունքներն իր համար անակնկալ չէին, և շնորհավորել է Իրաքի ու Իրանի ներկայացուցիչներին՝ մեդալներ նվաճելու կապակցությամբ։
«Պատրաստվելու եմ առաջիկա մրցաշարերին և հուսով եմ՝ ամեն ինչ ավելի հաջող կստացվի։ Մրցակիցներից նման արդյունք էի սպասում և պատրաստ էի պայքարել այդ արդյունքների դեմ։ Շնորհավորում եմ Իրաքի ու Իրանի ներկայացուցիչներին՝ նվաճած մեդալների կապակցությամբ։ Մնացածը ժամանակը ցույց կտա», — հավելել է նա։
Դեկտեմբերի 7-ին Դոհայում կմեկնարկի օլիմպիական որակավորման առաջին մրցաշարը։
Աշխարհի առաջնությունում Լալայանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ 457 կգ (210+247) արդյունքով։ Հայ մարզիկը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում և փոքր բրոնզե մեդալ՝ հրում վարժությունում։
Երկամարտում նրա նվաճած բրոնզը դարձել է այս մրցաշարում Հայաստանի հավաքականի միակ մեդալը երկու վարժությունների գումարում։
Աշխարհի չեմպիոն է դարձել Իրաքի ներկայացուցիչ Ալի Ռուբայավին՝ երկամարտում բարձրացնելով 466 կգ (211+255)։ Լալայանը հաղթողին զիջել է ինը կիլոգրամով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0