«Կրասնոդարը» նվաճեց ՌՊԼ-ի արծաթը․ Սպերցյանը դարձավ առաջնության լավագույն ասիստենտն ու գոլ+փոխանցում համակարգի առաջատարը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումներից հետո վերջնականապես որոշվեցին 2025/26 մրցաշրջանի մրցանակակիրները։ Ռուսաստանի չեմպիոն դարձավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», արծաթե մեդալները նվաճեց «Կրասնոդարը», իսկ բրոնզը բաժին հասավ «Լոկոմոտիվին»։
«Կրասնոդարը» մրցաշրջանն ավարտեց «Օրենբուրգի» նկատմամբ վստահ հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Մուրադ Մուսաևի թիմը վերջին տուրում լուծեց իր խնդիրը և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Կրասնոդարցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Կևին Լենինին, Ջոն Կորդոբան և Էդուարդ Սպերցյանը։ Լենինին հաշիվը բացեց 36-րդ րոպեին, Կորդոբան աչքի ընկավ 63-րդ րոպեին, իսկ վերջնական հաշիվը 88-րդ րոպեին ձևակերպեց Հայաստանի հավաքականի ավագը։
Առաջնության արդյունքում «Կրասնոդարը» վաստակեց 66 միավոր և ընդամենը երկու միավորով հետ մնաց Ռուսաստանի չեմպիոն դարձած «Զենիթից»։ Կրասնոդարյան ակումբի համար սա երկրորդ արծաթն է ՌՊԼ-ի պատմության մեջ։ Առաջին անգամ թիմը արծաթե մեդալակիր էր դարձել 2023/24 մրցաշրջանում։
Առանձին պետք է նշել Էդուարդ Սպերցյանի մրցաշրջանը։ Հայ կիսապաշտպանը առաջնությունն ավարտեց 13 գոլով և 16 գոլային փոխանցումով։ 16 ասիստով Սպերցյանը դարձավ ՌՊԼ-ի լավագույն ասիստենտը, ինչպես նաև առաջին տեղը զբաղեցրեց գոլ+փոխանցում համակարգով։
Ընդհանուր առմամբ «Կրասնոդարի» ավագի հաշվին կա 29 արդյունավետ գործողություն։ Նրա մոտակա հետապնդողներն են թիմակից Ջոն Կորդոբան և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Ալեքսեյ Բատրակովը․ երկուսն էլ ունեն 23-ական միավոր։ Միաժամանակ Կորդոբան դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 17 գոլ։
Մրցաշրջանի արդյունքում չեմպիոնական տիտղոսը նվաճեց «Զենիթը»։ Վերջին տուրում Սերգեյ Սեմակի թիմը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Միակ գոլը 14-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Ալեքսանդր Սոբոլևը։
Սանկտ Պետերբուրգի ակումբը մրցաշրջանն ավարտեց առաջին տեղում՝ 68 միավորով, և դարձավ Ռուսաստանի 11-ակի չեմպիոն։ Սա բարձրագույն դիվիզիոնի նոր ռեկորդ է․ նախկինում «Զենիթը» չեմպիոնական տիտղոսների քանակով առաջին տեղը կիսում էր «Սպարտակի» հետ։
«Զենիթի» համար սա հերթական չեմպիոնությունն է ակումբի ժամանակակից պատմության մեջ։ Ավելի վաղ պետերբուրգցիները ՌՊԼ-ն հաղթել էին 2007, 2010, 2011/12, 2014/15, 2018/19, 2019/20, 2020/21, 2021/22, 2022/23 և 2023/24 մրցաշրջաններում։ Բացի այդ, ակումբի ակտիվում մնում է նաև ԽՍՀՄ 1984 թվականի չեմպիոնի տիտղոսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0