Կոնոր Գալագերը տեղափոխվեց «Տոտենհեմ»՝ «Ատլետիկոյից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մադրիդի «Ատլետիկոն» և լոնդոնյան «Տոտենհեմ Հոթսփուրը» համաձայնության են հասել կիսապաշտպան Կոնոր Գալագերի տրանսֆերի շուրջ։ Անգլիացի ֆուտբոլիստը կշարունակի կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ վերադառնալով հայրենիք Իսպանիայում անցկացրած մեկուկես մրցաշրջանից հետո։
Գալագերը «Ատլետիկո» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը «Չելսիից» և այդ ընթացքում «մատրասավորների» կազմում անցկացրել է 77 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Այժմ 25-ամյա կիսապաշտպանը սկսում է իր կարիերայի նոր փուլը Լոնդոնում։
«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարեց Գալագերի տեղափոխության մասին։ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր՝ 5,5 տարվա ժամկետով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ գործարքի արժեքը կազմել է մոտ 40 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստն ինքն էլ չթաքցրեց իր զգացմունքները.
«Ես շատ երջանիկ և ոգևորված եմ, որ այստեղ եմ և կարիերայումս հաջորդ քայլն եմ անում այսքան մեծ ակումբում։ Ես ցանկանում էի դառնալ “Տոտենհեմի” խաղացող, և բարեբախտաբար ակումբն էլ նույնն էր ուզում։ Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ, և ես պատրաստ եմ որքան հնարավոր է շուտ դուրս գալ խաղադաշտ»։
«Շպորների» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը բարձր է գնահատել նորեկին.
«Կոնորը բարձրակարգ կիսապաշտպան է, որի տեղափոխության ուղղությամբ մենք երկար ժամանակ աշխատել ենք։ Նա դեռ երիտասարդ է, բայց արդեն ունի մեծ փորձ Պրեմիեր լիգայում, Լա Լիգայում և Անգլիայի հավաքականում։ Նրա առաջնորդական որակները, ինտենսիվությունը, պրեսինգի ունակությունը և դարպասին ուղղված խաղը լրջորեն կուժեղացնեն մեր թիմը»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0