Միլան Ղարիբյանի «Կլերմոն Ֆուտ» U19-ը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Ֆրանսիայի առաջնության եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանի թիմը՝ «Կլերմոն Ֆուտ» U19-ը, պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակչում «Կլերմոնը» վառ հաղթանակ է տարել «Մոնակո» U19-ի նկատմամբ՝ 4:2 հաշվով, և պատմական ուղեգիր նվաճել մրցաշարի վճռորոշ խաղում։ Այս հաջողությունը կարևոր նվաճում է ակումբի ակադեմիայի համար, որն անցկացնում է իր պատմության լավագույն մրցաշրջաններից մեկը։
Ինքը՝ Միլան Ղարիբյանը, որակազրկման պատճառով բաց է թողել կիսաեզրափակիչ հանդիպումը, սակայն հայ կիսապաշտպանը կկարողանա օգնել թիմին եզրափակչում։ Վճռորոշ հանդիպումը կկայանա հունիսի 13-ին, իսկ «Կլերմոնի» մրցակիցը կլինի «ՊՍԺ» U19-ը։
Եզրափակիչը խոստանում է լինել հատկապես բարդ․ փարիզցիները գործող չեմպիոններն են և հաղթել են Ֆրանսիայի U19 առաջնության նախորդ երկու խաղարկություններում։ «Կլերմոն Ֆուտի» համար սա հնարավորություն կլինի ոչ միայն նվաճել առաջին տիտղոսն այս մակարդակում, այլ նաև ընդհատել «ՊՍԺ»-ի հաջող շարքը։
Միլան Ղարիբյանը ուժեղ մրցաշրջան է անցկացնում «Կլերմոն» U19-ի կազմում։ Հայ կիսապաշտպանի հաշվին ընթացիկ մրցաշրջանում կա 8 գոլ և 2 գոլային փոխանցում 25 խաղում։ Ավելի վաղ ակումբը նաև հայտարարել էր նրա հետ ստաժորական պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու մասին, ինչը կարևոր քայլ էր երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայի զարգացման համար։