Կիվուն խոսել է «Ինտերում» Մխիթարյանի ապագայի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը «Բոլոնիայի» դեմ մրցաշրջանի վերջին խաղից հետո։
37-ամյա հայ կիսապաշտպանի պայմանագիրը միլանյան ակումբի հետ մոտենում է ավարտին, և նրա ապագայի հարցը դեռ բաց է մնում։ Միևնույն ժամանակ Կիվուն հասկացրեց, որ ակումբում բարձր են գնահատում Մխիթարյանի դերը ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։
«Արդյո՞ք ինձ հաջողվել է համոզել Մխիթարյանին մնալ։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է՝ գործի նկատմամբ վերաբերմունքով, լրջությամբ, պրոֆեսիոնալիզմով և այն ամենով, ինչ ներկայացնում է հանդերձարանում, ինչպես և մյուս ֆուտբոլիստները», — DAZN-ին տված հարցազրույցում հայտարարել է Կիվուն։
Միևնույն ժամանակ մարզիչը ընդգծել է, որ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ կոնկրետ բանակցություններ դեռ չեն եղել։ Կիվուի խոսքով՝ կողմերը դեռ ժամանակ կունենան հանգիստ քննարկելու իրավիճակը։
«Մենք այդ մասին չենք խոսել, դեռ ժամանակ կունենանք դա անելու համար», — նշել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։
Կիվուն նաև խոստովանել է, որ իրավիճակը հեշտ չէ՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների տարիքն ու ավարտվող պայմանագրերը։ Նրա խոսքով՝ նման իրավիճակում գտնվող խաղացողները պրոֆեսիոնալիզմ են դրսևորել և ծանր մրցաշրջանում թիմին տվել են իրենց ամբողջ ուժերը։
«Հեշտ չէ որոշակի տարիքի հասնել՝ ավարտվող պայմանագրով։ Նրանք իրենց վրա վերցրին պատասխանատվությունը և տվեցին այն ամենը, ինչ ունեին։ Ես շնորհակալ եմ նրանց բոլորից», — ավելացրել է Կիվուն։
Մարզիչն անցած մրցաշրջանը անվանել է երկար և էներգատար։ Նա նշել է, որ թիմին անհրաժեշտ է հանգիստ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, սակայն ակումբում արդեն ստիպված են մտածել հաջորդ մրցաշրջանի մասին։
Մխիթարյանի ապագան «Ինտերում» դեռ անորոշ է։ Մոտ ժամանակներս հայ կիսապաշտպանը պետք է որոշում կայացնի՝ շարունակե՞լ կարիերան՝ ստորագրելով նոր պայմանագիր, թե՞ ավարտել ելույթները պրոֆեսիոնալ մակարդակում։