Կարլեն Հովհաննիսյանը «Ակրոնի» կազմում իր առաջին գոլը խփեց Ռուսաստանի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարլեն Հովհաննիսյանը իր առաջին գոլը խփեց «Ակրոնի» կազմում Ռուսաստանի առաջնությունում։ 21-ամյա ֆուտբոլիստը օգնեց իր թիմին 2:0 հաշվով հաղթել «Ախմատին»։
Հովհաննիսյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին։ Արդեն 87-րդ րոպեին հայ կիսապաշտպանը աչքի ընկավ գոլով՝ խփելով իր թիմի երկրորդ գնդակը և ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
«Ակրոնի» առաջին գոլը գրանցվել էր դեռ 5-րդ րոպեին․ աչքի էր ընկել Բենշիմոլը։
Հովհաննիսյանի համար այս գոլն առաջինն էր «Ակրոնի» կազմում։ 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել այս ամռանը Երևանի «Փյունիկից» և մինչ այժմ նոր թիմի կազմում անցկացրել է չորս հանդիպում։
Բացի խփած գոլից, Հովհաննիսյանը խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում կատարել է 9 փոխանցումից 6-ը ճշգրիտ, մեկ անգամ խլել է գնդակը և հաղթել 5 մենապայքարից 2-ում։ Հայ ֆուտբոլիստը նաև դեղին քարտ է ստացել։
Հանդիպման արդյունքներով SofaScore վիճակագրական հարթակը Հովհաննիսյանի խաղը գնահատել է 7,7 միավորով։
Այս հանդիպումից հետո կիսապաշտպանը կմեկնի Հայաստանի ազգային հավաքականի ճամբար, որին առաջիկայում սպասվում են ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումները։