Դակար-2026 պատանեկան Օլիմպիական խաղերը մեկնարկեցին․ առաջին չեմպիոններն ու Հայաստանի արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 1-ին Սենեգալի մայրաքաղաք Դակարում կայացավ 2026 թվականի IV ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի առաջին մեդալային օրը։ Խաղարկվեց մեդալների ութ հավաքածու՝ երեքը ձյուդոյում և հինգը՝ լողում։ Առաջին օլիմպիական չեմպիոնները ներկայացնում էին ութ տարբեր երկրներ։
Մեկական ոսկե մեդալ նվաճեցին Ադրբեջանի, Արգենտինայի, Եգիպտոսի, Նոր Զելանդիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Էկվադորի մարզիկները։
Մրցումները հատկապես հաջող սկսեցին նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչները՝ նվաճելով երեք ոսկե մեդալ։ Ադրբեջանցի Իբրահիմ Թալիբովը ձյուդոյի չեմպիոն դարձավ մինչև 55 կգ քաշային կարգում, ուկրաինացի Խազար Հեյդարովը հաղթեց մինչև 66 կգ քաշային կարգում, իսկ ռուսաստանցի Սերաֆիմա Ֆոկինան 100 մետր բատերֆլայ լողաոճում ոսկե մեդալ նվաճեց՝ գրանցելով 59,81 վայրկյան արդյունք։
Դակար-2026 պատանեկան Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնները
Ձյուդոյում, բացի Թալիբովից և Հեյդարովից, ոսկե մեդալ նվաճեց նաև Թուրքիայի ներկայացուցիչ Սեմա Նուր Յուքսելը, որը հաղթեց աղջիկների մինչև 44 կգ քաշային կարգում։
Լողի մրցումներում առաջին օրվա հաղթողներ դարձան նորզելանդացի Արիել Մուչիրահոնդոն (200 մ թիկնալող), եգիպտացի Զեյն Ալին (100 մ բատերֆլայ), էկվադորցի Էլվիրա Էսպինոսան (400 մ ազատ ոճ), արգենտինացի Սեսիլիա Դիելեկեն (200 մ թիկնալող) և ռուսաստանցի Սերաֆիմա Ֆոկինան (100 մ բատերֆլայ)։
Պատմական մեդալ նվաճեց նաև մրցաշարի հյուրընկալող Սենեգալը։ Ձյուդոյիստ Մատար Դիոպը բրոնզե մեդալակիր դարձավ մինչև 66 կգ քաշային կարգում։
Վլադիմիր Վարոսյանը 20-րդ տեղը զբաղեցրեց 100 մետր բատերֆլայ լողաոճում
Մրցումների առաջին օրը պատանեկան Օլիմպիական խաղերում իր ելույթները սկսեց նաև Հայաստանի հավաքականը։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցասպարեզ դուրս եկավ լողորդ Վլադիմիր Վարոսյանը, որը մասնակցեց 100 մետր բատերֆլայ լողաոճի մրցումներին։
Նախնական փուլում հայ լողորդը գրանցեց 1 րոպե 00,06 վայրկյան արդյունք և երկրորդ նախնական լողահերթի ութ մասնակիցների շրջանում զբաղեցրեց վեցերորդ տեղը։
Բոլոր նախնական լողահերթերի արդյունքներով Վարոսյանը զբաղեցրեց 20-րդ տեղը՝ ավարտելով ելույթներն այս մրցատարածությունում։
Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը նոյեմբերի 4-ին մրցասպարեզ դուրս կգա լողորդուհի Մարգարիտա Գևորգյանը, որը կմասնակցի 50 մետր ազատ ոճի մրցումներին։
Պատանեկան Օլիմպիական խաղերը Սենեգալում անցկացվում են 2026 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը։ Սրանք պատմության մեջ Աֆրիկյան մայրցամաքում անցկացվող առաջին Օլիմպիական խաղերն են։
Դակար-2026 պատանեկան Օլիմպիական խաղերի առաջին օրվա բոլոր արդյունքները։