Հայաստանի Մ17 կանանց հավաքականը պարտվեց Չեռնոգորիային և ավարտեց Եվրո-2027-ի ընտրական առաջին փուլը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականն ավարտեց Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման առաջին փուլը՝ 0:2 հաշվով պարտվելով Չեռնոգորիայի ընտրանուն։ B2 խմբի վերջին տուրի հանդիպումը կայացավ նոյեմբերի 1-ին Թուրքիայի Մանավգաթ քաղաքում։
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի։ 65-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Միլենա Չուկիչը բացեց հաշիվը, իսկ չորս րոպե անց Հայաստանի հավաքականի պաշտպան Կարինե Ղազարյանը գրավեց սեփական դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը՝ 0:2։
Սիմոն Համբարձումյանի գլխավորած թիմը խմբային փուլն ավարտեց երեք խաղում վաստակած մեկ միավորով։ Հայաստանի հավաքականն իր միակ միավորը վաստակել էր Անդորրայի դեմ խաղում (1:1)։
B2 խմբի վերջնական մրցաշարային աղյուսակում Հայաստանը զբաղեցրեց երրորդ տեղը՝ խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ առաջ անցնելով Անդորրայից։ Խմբի հաղթող դարձավ Թուրքիան, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Չեռնոգորիան։
Եվրո-2027-ի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի Մ17 կանանց հավաքականը կշարունակի պայքարը B լիգայում։