Ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնության 2026 թվականի երրորդ օրվա արդյունքները․ Հայաստանի երկու ոսկի և մեկ բրոնզ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 14-ին Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվեց ծանրամարտի մինչև 20 տարեկանների (Մ20) և մինչև 23 տարեկանների (Մ23) Եվրոպայի 2026 թվականի առաջնության երրորդ մրցումային օրը։ Այդ օրը խաղարկվեց երկամարտի երեք մեդալային հավաքածու, իսկ Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ՝ դառնալով մրցումային օրվա գլխավոր հերոսը։
Հայաստանի հավաքականին չեմպիոնական տիտղոսներ պարգևեցին Նարեկ Գրիգորյանը (75 կգ, Մ20) և Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ, Մ23)։ Երկու մարզիկներն էլ բացարձակ առավելություն ցուցադրեցին իրենց քաշային կարգերում՝ նվաճելով երեքական ոսկե մեդալ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտի արդյունքում։
Հատկապես տպավորիչ էր Նարեկ Գրիգորյանի ելույթը, որը ոչ միայն դարձավ Եվրոպայի չեմպիոն, այլև սահմանեց Մ20 տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ երկամարտի արդյունքում՝ բարձրացնելով 322 կգ (146+176)։
Հայաստանին ևս մեկ մեդալ բերեց Սամվել Մարտիրոսյանը (70 կգ, Մ20)։ Հայ ծանրորդը լավագույնը դարձավ պոկում վարժությունում՝ 139 կգ արդյունքով նվաճելով փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում 296 կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի։
Այսպիսով, մեկ մրցումային օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին ընդհանուր առմամբ ութ մեդալ՝ վեց ոսկե և երկու բրոնզե՝ հաշվի առնելով ինչպես առանձին վարժությունների, այնպես էլ երկամարտի արդյունքներով շնորհվող պարգևները։
Օրվա երրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց Իռլանդիայի ներկայացուցիչ Հարիսոն Մակգրոգանը, որը շատերի համար անսպասելիորեն հաղթեց Մ20 տարիքային խմբի մինչև 70 կգ քաշային կարգում։
Իռլանդացի մարզիկի հաջողությունը դարձավ օրվա ամենաուշագրավ արդյունքներից մեկը, քանի որ Իռլանդիան ավանդաբար չի դասվում եվրոպական ծանրամարտի առաջատար երկրների շարքին։ Մակգրոգանը երկամարտում գրանցեց 300 կգ արդյունք և ընդամենը մեկ կիլոգրամով գերազանցեց վրացի Ռևազ Միլդիանիին։
Ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության երրորդ օրվա արդյունքները
Տղամարդիկ, մինչև 70 կգ
-
Հարիսոն Մակգրոգան (Իռլանդիա) — 300 կգ (134+166)։
-
Ռևազ Միլդիանի (Վրաստան) — 299 կգ (138+161)։
-
Սամվել Մարտիրոսյան (Հայաստան) — 296 կգ (139+157)։
Տղամարդիկ, մինչև 75 կգ
-
Նարեկ Գրիգորյան (Հայաստան) — 322 կգ (146+176), Եվրոպայի Մ20 ռեկորդ։
-
Մաքսիմ Բերեժնի (Ուկրաինա) — 311 կգ (143+168)։
-
Անդրեյ Սկլեզ (Ուկրաինա) — 310 կգ (142+168)։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը 299 կգ (134+165) արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը։
Ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության երրորդ օրվա արդյունքները
Կանայք, մինչև 57 կգ
-
Ալեքսանդրա Գրիգորյան (Հայաստան) — 202 կգ (90+112)։
-
Դանա Բերչի (Ռումինիա) — 193 կգ (85+108)։
-
Մերվ Իլդեն (Թուրքիա) — 187 կգ (83+104)։
Հայաստանի հավաքականի հոկտեմբերի 14-ի արդյունքները
Երրորդ մրցումային օրը հայ ծանրորդները նվաճեցին հետևյալ մեդալները․
-
Նարեկ Գրիգորյան — երեք ոսկե մեդալ և Եվրոպայի Մ20 ռեկորդ։
-
Ալեքսանդրա Գրիգորյան — երեք ոսկե մեդալ։
-
Սամվել Մարտիրոսյան — փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում և բրոնզե մեդալ երկամարտի արդյունքում։
Ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունն անցկացվում է Դուրեսում հոկտեմբերի 12-ից 19-ը։ Մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում հայտավորված է 19 մարզիկ։