Հարվի Սարաջյանը Անտուան Գրիզմանի փոխանցումից գոլ է խփել հանդիպման 46-րդ վայրկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
21-ամյա հայ հարձակվող Հարվի Սարաջյանը արագ գոլի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնության խաղում, որում «Օռլանդո Սիթին» կամային հաղթանակ է տարել «Կոլամբուս Քրյուի» նկատմամբ՝ 3:2 հաշվով։
Սարաջյանն իր կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է «Օռլանդո Սիթիի» մեկնարկային կազմում MLS-ի խաղում՝ զբաղեցնելով ձախ վինգերի դիրքը, և արդեն 46-րդ վայրկյանին բացել է հանդիպման հաշիվը։ Գոլային փոխանցման հեղինակ է դարձել ֆրանսիացի աստղային ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը։
Հայ ֆուտբոլիստի համար սա երկրորդ գոլն էր MLS-ի ընթացիկ մրցաշրջանում։
Չնայած հաջող մեկնարկին՝ Սարաջյանը խաղադաշտում անցկացրել է միայն առաջին խաղակեսը և ընդմիջմանը փոխարինվել։ 45 րոպեի ընթացքում նա հասցրել է չորս հարված կատարել մրցակցի դարպասին, մեկ վտանգավոր պահ ստեղծել թիմակիցների համար և SofaScore-ից ստանալ բարձր՝ 7,8 գնահատականը։
Հանդիպումն անցել է լարված պայքարում, իսկ հաղթողը որոշվել է միայն խաղավերջում։ 89-րդ րոպեին Իվան Անգուլոն խփել է վճռորոշ գոլը և «Օռլանդո Սիթիին» պարգևել 3:2 հաշվով հաղթանակ։
SofaScore-ի վարկածով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անտուան Գրիզմանը, որը ստացել է առավելագույն՝ 10,0 գնահատականը։ Ֆրանսիացին իր հաշվին գրանցել է մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում։
Հարվի Սարաջյանի վիճակագրությունը «Կոլամբուս Քրյուի» դեմ
-
Խաղադաշտում անցկացրած րոպեներ՝ 45
-
Գոլեր՝ 1
-
Հարվածներ՝ 4 (xG՝ 0,53)
-
Չիրացված գոլային պահեր՝ 1
-
Առանցքային փոխանցումներ՝ 1
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 10 (77%)
-
Հաջողված դրիբլինգ՝ 1-ը 2-ից
-
Գնդակի կորուստներ՝ 4
-
Հաղթած մենապայքարներ՝ 1-ը 2-ից
-
Հաղթած օդային մենապայքարներ՝ 1-ը 1-ից
-
SofaScore-ի գնահատական՝ 7,8
Սարաջյանի երկրորդ գոլը MLS-ում
Հարվի Սարաջյանն աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը «Օռլանդո Սիթիի» հիմնական թիմում։ Այս պահին 21-ամյա հայ ֆուտբոլիստը MLS-ում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ «Կոլամբուս Քրյուի» դեմ հանդիպումը նրա համար առաջինն էր առաջնությունում ակումբի մեկնարկային կազմում։
Ավելի վաղ Սարաջյանը հաջողությամբ հանդես էր գալիս «Օռլանդո Սիթիի» երկրորդ թիմում՝ MLS NEXT Pro լիգայում, որտեղ ցուցադրել էր տպավորիչ արդյունավետություն՝ 7 գոլ և 6 գոլային փոխանցում 16 խաղում։
Այսպիսով, երիտասարդ հայ վինգերը շարունակում է ապացուցել իր արդյունավետությունը նաև ամերիկյան ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։