Միլանի «Ինտերի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ մտածում է ընթացիկ մրցաշրջանից հետո պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հնարավորության մասին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայացած մամուլի ասուլիսում 36-ամյա կիսապաշտպանը կիսվեց իր ապագայի վերաբերյալ մտքերով․
«Ես կարող եմ որոշել ավարտել կարիերաս այս մրցաշրջանի ավարտին։ Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը որպես ֆուտբոլիստ, իսկ գուցե դեռ 1-2 տարի խաղամ՝ կտեսնենք…», — ասաց Մխիթարյանը։
Չնայած այս հայտարարությանը՝ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Մխիթարյանը նաև մեկնաբանել է առաջիկա խաղի շուրջ ստեղծված լարված մթնոլորտը։ Հիշեցնենք՝ առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ «Բավարիան» հետագայում դժգոհություն էր հայտնել իտալացիների՝ իբր թե չափազանց խանդավառ տոնակատարությունների վերաբերյալ։
«Սա կլինի դժվար խաղ շատ ուժեղ թիմի դեմ։ «Բավարիան» հայտարարեց, թե մենք չափազանց շատ էինք ուրախանում առաջին խաղից հետո… Նրանք կարող են ասել ինչ ուզում են — մենք գիտենք՝ ինչ արեցինք խաղից հետո։ Ճիշտ չէ, թե մենք մեծ տոնակատարություն կազմակերպեցինք։ Մենք պարզապես ուրախացանք հաղթանակի համար թիմի դաշտում, որը հազվադեպ է պարտվում տանը։ Հիմա ուզում եմ կենտրոնանալ միայն վաղվա խաղի վրա։ Ակումբից դուրս շատ խոսակցություններ կան, բայց մենք չենք ցանկանում լսել այդ ամենը՝ այդպիսին է ֆուտբոլային աշխարհը», — ընդգծեց Մխիթարյանը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Ինտերի» և «Բավարիայի» միջև կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, «Սան Սիրո» մարզադաշտում։