Ֆաբրեգասը ցանկանում է Սպերցյանին տեսնել «Կոմոյում». իտալական ակումբը հետևում է «Կրասնոդարի» ավագի իրավիճակին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Ինսայդեր Իվան Կարպովի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Կոմոն», իսկ թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն անձամբ է շահագրգռված հայ կիսապաշտպանի տրանսֆերով։
Հաղորդվում է, որ մոտ մեկ ամիս առաջ Ֆաբրեգասը կապ է հաստատել Սպերցյանի հետ և հասկացրել, որ ցանկանում է նրան տեսնել «Կոմոյի» կազմում։ Ֆուտբոլիստի համար Իտալիա տեղափոխվելու տարբերակը առաջնահերթ է, սակայն այս պահին «Կրասնոդարին» պաշտոնական առաջարկ դեռ չի ներկայացվել։
Աղբյուրի տվյալներով՝ իրավիճակի հետագա զարգացումը կարող է կախված լինել Նիկո Պասի ապագայից։ Եթե «Կոմոն» բաժանվի իր առանցքային ֆուտբոլիստներից մեկից, ակումբը կարող է ավելի ակտիվորեն ներգրավվել Սպերցյանի համար պայքարում։
Իտալական ակումբի հետաքրքրության ֆոնին շարունակվում են նաև տեղեկությունները Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» տարբերակի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը պատրաստ է Սպերցյանին խոշոր պայմանագիր առաջարկել, սակայն Կարպովի տեղեկություններով՝ այս պահին բոլոր պայմանավորվածությունները միայն բանավոր բնույթ են կրում, առանց պաշտոնական փաստաթղթերի։
Նշվում է, որ սաուդյան կողմը ցանկանում է հնարավորինս արագ ստանալ ֆուտբոլիստի համաձայնությունը, որպեսզի դրանից հետո սկսի առարկայական բանակցություններն ակումբների միջև։ Սակայն Սպերցյանը դեռ չի շտապում վերջնական որոշում կայացնել և սպասում է «Կոմոյի» շուրջ իրավիճակի զարգացմանը։
Իտալական ակումբի հետաքրքրությունը հայ կիսապաշտպանի համար հատկապես գրավիչ է նաև այն պատճառով, որ «Կոմոն» պատմական արդյունք է գրանցել և առաջին անգամ իրավունք է ստացել հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Ֆաբրեգասի գլխավորած թիմը Ա Սերիայի մրցաշրջանն ավարտել է չորրորդ տեղում՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում առաջ անցնելով այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Միլանը» և «Յուվենտուսը»։
Սպերցյանը շարունակում է մնալ «Կրասնոդարի» գլխավոր ակտիվներից մեկը։ Նրա պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը, ուստի հնարավոր տրանսֆերը կախված կլինի ոչ միայն ֆուտբոլիստի ցանկությունից, այլև «ցուլերի» ղեկավարության դիրքորոշումից։