Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթեց Արման Մկրտչյանին Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունում։
Մինչև 97 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտում Տեր-Մաթևոսյանը հանդիպել է Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանի հետ, որը նույնպես բնակվում և մարզվում է Հայաստանում։
Գոտեմարտն անցել է համառ պայքարում և ավարտվել 3:3 հաշվով։ Հաղթանակը շնորհվել է Տեր-Մաթևոսյանին՝ վերջին միավորը վաստակելու չափանիշով։
Երկու ըմբիշների համար էլ այս մրցաշրջանն արդեն նշանավորվել է միջազգային մեդալներով։ Ավելի վաղ Արման Մկրտչյանը դարձել էր Մ20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճում է Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Բրոնզե մեդալի ճանապարհին Տեր-Մաթևոսյանը գրանցել է հետևյալ արդյունքները․
- 1/16 եզրափակիչ․ Էրիկ Տեր-Մաթևոսյան — Դորիան Տրեխո (Մեքսիկա) — հաղթանակ մրցակցի չներկայանալու պատճառով,
- 1/8 եզրափակիչ․ Էրիկ Տեր-Մաթևոսյան — Ռադոստին Վասիլև (Բուլղարիա) — 7:0,
- 1/4 եզրափակիչ․ Էրիկ Տեր-Մաթևոսյան — Մաքսիմ Ուկրաինցև (Ղազախստան) — 4:0,
- 1/2 եզրափակիչ․ Էրիկ Տեր-Մաթևոսյան — Եգոր Յակուշենկո (Ուկրաինա) — 0:8,
- բրոնզե մեդալի համար գոտեմարտ․ Էրիկ Տեր-Մաթևոսյան — Արման Մկրտչյան (Վրաստան) — 3:3, Տեր-Մաթևոսյանի հաղթանակ՝ վերջին միավորի չափանիշով։
Այս պահին Հայաստանի հավաքականը Բրատիսլավայում ընթացող մրցաշարում նվաճել է չորս մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։