Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Զագրեբի ITF W100 մրցաշարի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Զագրեբում անցկացվող ITF W100 մրցաշարի եզրափակիչ։ 23-ամյա մարզուհին, որը WTA-ի վարկանիշում զբաղեցնում է 281-րդ տեղը, մրցաշարի ընթացքում տարել է չորս հաղթանակ։
Ավանեսյանի ամենաբարձր վարկանիշ ունեցող մրցակիցը եղել է սերբ Միա Ռիստիչը, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 268-րդ տեղը։ Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստուհին հաղթել է նրան երկու սեթում՝ 6:4, 6:4 հաշվով։
Մրցաշարի վճռորոշ խաղում Ավանեսյանը կմրցի Շվեդիան ներկայացնող Կայսա Ռինալդո Պերսոնի հետ։ Նրա մրցակիցը WTA-ի վարկանիշում զբաղեցնում է 240-րդ տեղը։ Զագրեբի ITF W100 մրցաշարն անցկացվում է հունիսի 8-ից 14-ը՝ գրունտային ծածկույթի վրա։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար։
Հիշեցնենք, որ շուտով Էլինա Ավանեսյանը նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում Բիլի Ջին Քինգի գավաթում։