Եղիշե Մելիքյան. «Մենք ունեինք հնարավորություն միավորներ վաստակել Հունգարիայի դեմ, բայց չօգտվեցինք մեր պահերից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է Բուդապեշտում հոկտեմբերի 11-ին կայացած Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Հունգարիա – Հայաստան (2:0) խաղի արդյունքները։
Եղիշե Մելիքյանի ասուլիսը Հունգարիա – Հայաստան խաղից հետո
«Մենք ունեինք հնարավորություններ՝ Հունգարիայի դեմ միավորներ վաստակելու, պարզապես չօգտվեցինք մեր պահերից։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Հունգարիան արժանի էր հաղթանակին․ նրանք լավ ֆուտբոլ ցուցադրեցին։ Լավ մակարդակի հանդիպում ստացվեց, ինչի համար շնորհավորում եմ մրցակցին։ Պետք է մոռանանք այս խաղը և առաջ շարժվենք։
Խնդիրներ մեր խաղում, իհարկե, կային, եթե պարտվեցինք։ Ամեն ինչ կվերլուծենք և կաշխատենք մեր սխալների վրա։ Ընդհանուր առմամբ թիմը հասկանում էր, թե ինչպես պետք է խաղար, և մեզ մոտ ստացվում էր հարձակողական խաղը՝ ինչպես պլանավորել էինք։ Առանց սխալների չի լինում, բայց անպայման կաշխատենք դրանց ուղղման վրա», — այս խոսքերով սկսեց ասուլիսը Եղիշե Մելիքյանը։
– Կրկին խնդիրներ կային պահերի իրացման հարցում։ Սա՞ էր հիմնական պատճառը պարտության։ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս խնդիրը։
– Ճիշտ է, հենց այդպես էլ կա։ Եթե գոնե մեկ պահ իրացնեինք, արդյունքը կարող էր այլ լինել։ Բայց սա ֆուտբոլ է՝ ինչ ունենք, այն էլ արդյունքն է։ Մեր թիմում չկա դասական «իններորդ համարը», որը կայուն կերպով է գոլեր խփում եվրոպական մակարդակով։ Մենք փորձում ենք պահեր ստեղծել այլ ձևերով, բայց դուք ճիշտ եք՝ պետք է լուծել այդ խնդիրը և սկսել ավելի արդյունավետ իրացնել պահերը։ Այսօր բավական էր մեկ գոլ խփել, որպեսզի չպարտվեինք։
– Ի՞նչ դրական կողմեր կնշեք խաղում։
– Թիմի մթնոլորտը, մեր երկրպագուների աջակցությունը, ովքեր շատ էին անգամ Բուդապեշտում։ Բացի դրանից՝ մեր հավատը հաջողության և կազմակերպվածությունը, որոնք օգնում են մինչև վերջ պայքարել։ Մենք ունենք բազմաթիվ դրական որակներ, որոնք անպայման արդյունք կտան։
– Առաջին կեսում դուք բավական էմոցիոնալ էիք բանկայի մոտ։ Տհաճու՞թյուն կար որոշ ֆուտբոլիստների գործողություններից։
– Ոչ, պարզապես էմոցիաներ էին։ Հիասթափված էի, որ մեր կոմբինացիաներն ու խաղային պլանը գործում էին, բայց գոլեր չխփեցինք անհատական սխալների և անճշտությունների պատճառով։ Ընդհանուր առմամբ բոլոր խաղացողներից գոհ եմ։
– Գոլից հետո Հունգարիան կենտրոնացավ պաշտպանական խաղի վրա, և Հայաստանն ավելի շատ պահեր ունեցավ։ Ինչո՞ւ Գրանտ-Լեոն Ռանոսին այդքան ուշ ներգրավեցիք։
– Նախատեսել էի Ռանոսին ավելի շուտ մտցնել խաղի մեջ, բայց Տիգրան Բարսեղյանը շատ ակտիվ էր, լավ էր գործում, դրա համար որոշեցի նրան մի փոքր ավելի երկար պահել դաշտում։ Նա ճնշում էր ստեղծում, խանգարում մրցակցին, ագրեսիվ էր խաղում՝ վաղ փոխարինելը ճիշտ չէր լինի։ Վերջում անցանք չորս պաշտպանով խաղի, և այդ փոփոխություններից հետո ունեցանք լավ պահեր։ Դրա համար էլ պարտությունն առավել ցավալի է։
– Գենրի Ավագյանը հաճախ էր մասնակցում փոխանցումների կառուցմանը։ Որքանո՞վ է դա կարևոր ձեզ համար։
– Այո, դա մեր խաղային ոճի մի մասն է։ Գենրի Ավագյանը մեր հիմնական դարպասապահն է, և մենք շարունակելու ենք խաղը կառուցել նրա մասնակցությամբ։ Նրա միջոցով դուրս ենք գալիս պաշտպանությունից, լայնացնում մրցակցի պաշտպանությունը և տարածություն ստեղծում հարձակվողների համար։
Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 14-ին Դուբլինում՝ Իռլանդիայի հավաքականի դեմ։ Երեք տուրից հետո Եղիշե Մելիքյանի թիմը ունի 3 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը F խմբում։