Էդմեն Շահբազյանը չորս տարի անց վերադարձել է UFC-ի վարկանիշային լավագույն 15-յակ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանը կրկին ընդգրկվել է UFC-ի միջին քաշային կարգի 15 լավագույն ներկայացուցիչների շարքում։
UFC 331 մրցաշարում բրազիլացի Բրունո Ֆերեյրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո 28-ամյա մարզիկը բարձրացել է պրոմոուշենի նոր մետա-վարկանիշի 14-րդ հորիզոնական։ Միևնույն ժամանակ, UFC-ի ավանդական մեդիա-վարկանիշում Շահբազյանը դեռևս ընդգրկված չէ լավագույն 15-յակում։

Ավելի վաղ հայազգի մարտիկը միջին քաշային կարգի վարկանիշում բարձրացել էր մինչև իններորդ հորիզոնական․ դա տեղի էր ունեցել 2020 թվականին։ Սակայն Դերեկ Բրանսոնից, Ջեք Հերմանսոնից և Նասուրդին Իմավովից կրած պարտությունների շարքից հետո Շահբազյանը 2022 թվականին դուրս էր մնացել լավագույն 15-յակից։
Ֆերեյրայի նկատմամբ հաղթանակը Էդմենին հնարավորություն տվեց կրկին մոտենալ մինչև 84 կգ քաշային կարգի առաջատար մարտիկներին և ամրապնդել իր դիրքերը դիվիզիոնում։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արման Ծառուկյանը, UFC 331-ում Մաուրիսիո Ռուֆիին հաղթելուց հետո պահպանել է թեթև քաշային կարգի վարկանիշի երկրորդ հորիզոնականը։