Գևորգյան եղբայրները նոր մրցաշրջանը սկսել են Գերմանիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
21-ամյա երկվորյակ եղբայրներ Մայք և Մարկ Գևորգյանները նոր մրցաշրջանը սկսել են Գերմանիայում։ Երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս «Բավարիա» Ռեգիոնալ լիգայում՝ երկրի ուժով չորրորդ դիվիզիոնում։
Կիսապաշտպան Մայք Գևորգյանը հաջող է մեկնարկել «Ունտերհախինգի» կազմում։ Նա արդեն մասնակցել է թիմի չորս հանդիպման՝ աչքի ընկնելով մեկ գոլով և երկու գոլային փոխանցումով։
Մայքը գոլի հեղինակ է դարձել Բավարիայի գավաթի խաղում, ինչպես նաև մեկական գոլային փոխանցում է կատարել Ռեգիոնալ լիգայի առաջին երկու տուրերում։ Երկու հանդիպումներում էլ «Ունտերհախինգը» հաղթանակ է տարել։
Պաշտպան Մարկ Գևորգյանը, որը մրցաշրջանի մեկնարկից առաջ միացել էր «Մյունխեն 1860»-ին, առայժմ ավելի քիչ խաղաժամանակ է ստանում։ Առաջին տուրում նա խաղադաշտում անցկացրել է 15 րոպե, իսկ երկրորդ հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին։
Այսպիսով, Գևորգյան եղբայրների համար նոր մրցաշրջանը տարբեր կերպ է սկսվել․ Մայքն արդեն հասցրել է իր թիմի հարձակողական գործողություններում նկատելի դեր ունենալ, մինչդեռ Մարկը շարունակում է պայքարել «Մյունխեն 1860»-ի կազմում տեղ ունենալու համար։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ ժամանակին հանդես են եկել Գերմանիայի Մ17 հավաքականում, իսկ ավելի ուշ մեկ հանդիպում են անցկացրել Հայաստանի Մ21 հավաքականի կազմում։