Բարսեղյանը փոխարինման դուրս գալուց հետո տիեզերական ֆուտբոլ ցուցադրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը փայլուն ելույթ ունեցավ Սլովակիայի առաջնության՝ Բրատիսլավայի «Սլովանի» և «Ռուժոմբերոկի» միջև խաղում։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր, և դարձավ իր թիմի ջախջախիչ՝ 5:0 հաշվով հաղթանակի գլխավոր հերոսներից մեկը։
Բարսեղյանին ընդամենը մի քանի րոպե պահանջվեց հանդիպման ընթացքի վրա ազդելու համար։ Խաղադաշտ դուրս գալուց գրեթե անմիջապես հետո Տիգրանը աջ եզրից ոտնաթաթի արտաքին մասով տպավորիչ փոխանցում կատարեց։ Նրա ճշգրիտ կախումից հետո Ալեքսեյ Մարոշը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը և հաշիվը դարձրեց 2:0։
Այս փոխանցումը կարելի է անվերջ դիտել․ Բարսեղյանը հսկայական արագության տակ կարողացավ ոտնաթաթի արտաքին մասով աներևակայելի ճշգրիտ փոխանցում կատարել։ Իսկապես ինչ-որ այլմոլորակային բան էր։ Նման բան նախկինում գուցե տեսած լինեք միայն Ռիկարդու Կուարեժմայի կատարմամբ։
Սակայն «Տիկո Մեջիքը» դրանով չավարտվեց։
Հայ կիսապաշտպանը շարունակեց ակտիվորեն մասնակցել «Սլովանի» գրոհներին և ներգրավված էր տանտերերի ևս մի քանի գոլային կոմբինացիաներում։ Երկրորդ խաղակեսում Բրատիսլավայի ակումբի առավելությունը դարձավ ճնշող․ աչքի ընկան Դայկի Մացուոկան և Մանասե Կիանգան, իսկ հանդիպման վերջակետը դրեց հենց Բարսեղյանը։
88-րդ րոպեին Տիգրանը տուգանային հրապարակի սահմաններից դուրս հարվածելու հնարավորություն ստացավ և իսկական ֆուտբոլային գլուխգործոց ստեղծեց։ Հզոր և ճշգրիտ հարվածից հետո գնդակը, դիպչելով աջ դարպասաձողին, հայտնվեց դարպասի վերին անկյունում․ դարպասապահը գործնականում փրկելու ոչ մի հնարավորություն չուներ։
Այդ գոլը սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:0՝ հօգուտ «Սլովանի»։
Բարսեղյանի ելույթն առավել տպավորիչ է՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստը բոլորովին վերջերս էր վերականգնվում վնասվածքից։ Չնայած հարկադրված դադարին՝ հայ կիսապաշտպանն արագորեն մարզավիճակ է հավաքում և կրկին ցուցադրում է այն որակները, որոնց շնորհիվ համարվում է Բրատիսլավայի թիմի հարձակման գծի ամենավտանգավոր ֆուտբոլիստներից մեկը։
Վիճակագրական SofaScore հարթակը Բարսեղյանի ելույթը գնահատել է 8,6 միավորով։
Խոշոր հաշվով հաղթանակի շնորհիվ «Սլովանը» շարունակեց Սլովակիայի առաջնության նոր մրցաշրջանի հաջող մեկնարկը։ Թիմը դեռ միավոր չի կորցրել և գոլ բաց չի թողել, իսկ «Ռուժոմբերոկի» դեմ խաղում Բարսեղյանի՝ խաղադաշտ դուրս գալուց հետո Բրատիսլավայի ակումբի հարձակումը վերածվեց իսկական շոուի։
«Տիկո Մեջիքը» կրկին գործում է․ տպավորիչ գոլային փոխանցում, մասնակցություն արդյունավետ գրոհներին և ֆիրմային հարված՝ ուղիղ «իննյակ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝