Արսեն Ջուլֆալակյանը 39 տարեկանում դարձել է 2026 թվականի Հարավամերիկյան խաղերի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ անվանի ըմբիշ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, հանդես գալով Արգենտինայի հավաքականի կազմում, նվաճել է 2026 թվականի Հարավամերիկյան խաղերի ոսկե մեդալը։
Ռոսարիոյում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում 39-ամյա մարզիկը գրավել է առաջին տեղը մինչև 77 կգ քաշային կարգում։ Ջուլֆալակյանն անցկացրել է չորս գոտեմարտ և տարել երեք հաղթանակ։
Խմբային փուլում նա նախ 8:0 հաշվով առավելության է հասել պերուացի Ռայան Կուբասի նկատմամբ, ապա 4:9 հաշվով պարտվել Կոլումբիայի ներկայացուցիչ Յաիր Կուերոյին։ Արգենտինան ներկայացնող ըմբիշը խմբից կիսաեզրափակիչ է դուրս եկել երկրորդ տեղով, որտեղ 9:0 հաշվով վաղաժամ հաղթանակ է տարել բրազիլացի Ժոիլսոն դե Բրիտոյի նկատմամբ։
Եզրափակչում Ջուլֆալակյանը կրկին հանդիպել է Կուերոյի հետ և ռևանշի հասել խմբային փուլում կրած պարտության համար։ Արսենը 4:2 հաշվով հաղթել է կոլումբացուն և Արգենտինայի հավաքականին ոսկե մեդալ պարգևել։ UWW-ի պաշտոնական արդյունքները
Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է եկել նաև հայկական ծագում ունեցող ըմբիշ Պաբլո Ժամկոչյանը։ Նա մինչև 87 կգ քաշային կարգում զբաղեցրել է չորրորդ տեղը։
Ջուլֆալակյանը 2023 թվականից միջազգային մրցաշարերում ներկայացնում է Արգենտինան։ 2024 թվականին նա փորձել է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։ 2025 թվականին հայ ըմբիշը արծաթե մեդալ է նվաճել Պանամերիկյան առաջնությունում։
Արսեն Ջուլֆալակյանը նաև շարունակում է զբաղեցնել Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) մարզիկների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 2025 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ մինչև 2029 թվականը։
2026 թվականի Հարավամերիկյան խաղերն Արգենտինայում անցկացվում են սեպտեմբերի 12-ից 26-ը։ Մեդալային հաշվարկում առաջատարն է Բրազիլիան՝ 79 ոսկե մեդալով, իսկ Արգենտինան 46 ոսկե մեդալով զբաղեցնում է երկրորդ տեղը։