Արսեն Ավեդիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող սամբոյի ԱԱ-ի երկրորդ օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տաշքենդում ընթացող սամբոյի 2026 թվականի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ։ Պատվո հարթակ է բարձրացել մարտական սամբոյի մինչև 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանը։
Ավեդիսյանը հաջորդաբար հաղթել է Լիտվայի, Ղրղզստանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչներին։ Կիսաեզրափակչում հայ մարզիկը զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին և մրցաշարն ավարտել բրոնզե մեդալով։
Մարզական սամբո
Մինչև 64 կգ քաշային կարգում Գևորգ Մանուկյանը տարել է երեք հաղթանակ՝ առավելության հասնելով Ուզբեկստանի, Կամբոջայի և Տաջիկստանի ներկայացուցիչների նկատմամբ։ Կիսաեզրափակչում նա պարտվել է Ղազախստանի սամբիստին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջել է ուկրաինացի մրցակցին՝ մնալով առանց մեդալի։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Ավտո Մուկբանիանին։
Մինչև 88 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը հաղթել է Իսրայելի և Սերբիայի ներկայացուցիչներին, սակայն քառորդ եզրափակչում զիջել է Ուզբեկստանի մարզիկին։ Ոսկե մեդալը նվաճել է ռուսաստանցի Ալեքսանդր Սուչկովը։
Մարտական սամբո
Ավեդիսյանից բացի, մրցումների երկրորդ օրը մարտական սամբոյում հանդես են եկել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։
Մինչև 58 կգ քաշային կարգում Գոռ Գոգինյանը մրցաշարն սկսել է Սիեռա Լեոնեի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով, այնուհետև պարտվել է Թուրքմենստանի մարզիկին։ Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել մոնղոլ Բայանդուրեն Գանտումուրը։
Մինչև 98 կգ քաշային կարգում Արման Եսայանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա զիջել ռուսաստանցի Արտյոմ Տադինին, որը հետագայում դարձել է աշխարհի չեմպիոն։
Այսպիսով, մրցումային երկու օրերից հետո Հայաստանի հավաքականի հաշվին կա երեք մեդալ՝ մեկ արծաթե և երկու բրոնզե։
Մեդալային հաշվարկը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը՝ 10 ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0