Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը նշեց Քալեբ Սմիթի նկատմամբ վաղաժամ հաղթանակով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը հաջող նորամուտ ունեցավ Real American Freestyle լիգայում։ RAF 10 մրցաշարի նախնական քարտում նա վաղաժամ հաղթանակ տարավ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Քալեբ Սմիթի նկատմամբ։
Գոտեմարտն ավարտվեց երկրորդ շրջանում՝ 14:4 հաշվով՝ Հարությունյանի օգտին։ Ընդ որում, հանդիպման մեկնարկն ավելի հաջող ստացվեց Սմիթի համար, որը արագ վաստակեց չորս միավոր և առաջ անցավ հաշվի մեջ։ Սակայն հայ ըմբիշը կարողացավ արագ վերականգնել հավասարակշռությունը, վերցրեց նախաձեռնությունն իր ձեռքը և վստահորեն գոտեմարտը հասցրեց վաղաժամ հաղթանակի։
Արսեն Հարությունյանի համար սա առաջին ելույթն էր RAF լիգայում։ Նրա մրցակից Քալեբ Սմիթը Պուերտո Ռիկոյի հավաքականի անդամ է և արդեն հասցրել է դառնալ Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր։ Բացառված չէ, որ ապագայում Հարությունյանն ու Սմիթը կրկին հանդիպեն արդեն աշխարհի առաջնություններում։
RAF 10 մրցաշարը տեղի է ունենում հունիսի 14-ին ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Գլխավոր քարտում հանդես կգա նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արման Ծառուկյանը, որը գոտեմարտ կանցկացնի Թոնի Ֆերգյուսոնի դեմ։ Մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի Խամզատ Չիմաևի և Դիլոն Դենիսի դիմակայությունը։
Արսեն Հարությունյան — Քալեբ Սմիթ գոտեմարտի տեսանյութը հասանելի է ստորև։