Հայ տաղանդ Միլան Ղարիբյանը պրոֆեսիոնալ ստաժորական պայմանագիր է ստորագրել Clermont Foot-ի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երիտասարդ հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը նոր կարևոր քայլ է կատարել իր կարիերայում Ֆրանսիայում։ Clermont Foot 63 ակումբը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի հետ պրոֆեսիոնալ ստաժորական պայմանագիր ստորագրելու մասին։
2008 թվականի նոյեմբերին ծնված Ղարիբյանը կշարունակի զարգանալ ակումբի համակարգում և Clermont Foot-ի մարզական կենտրոնում։ 17-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար սա դարձավ այն առաջընթացի հաստատումը, որը նա ցուցադրել է ընթացիկ մրցաշրջանում։
Միլանը ուժեղ մրցաշրջան է անցկացրել Clermont Foot U19 թիմի կազմում Ֆրանսիայի ազգային առաջնությունում։ 22 խաղում նա դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով թիմի հարձակման գծի նկատելի խաղացողներից մեկը։ Ակումբում ընդգծել են նրա կայունությունը, արդյունավետությունն ու բարձր ներուժը։
Ղարիբյանի համար մրցաշրջանը դեռ չի ավարտվել։ Արդեն առաջիկա կիրակի նա կարող է մասնակցել Ֆրանսիայի U19 թիմերի առաջնության կիսաեզրափակիչին AS Monaco-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Gabriel-Montpied մարզադաշտում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Sportaran-ն արդեն գրել էր Միլան Ղարիբյանի՝ Clermont Foot-ի համակարգ տեղափոխվելու մասին։ Անցյալ տարի 16-ամյա հայ կիսապաշտպանը պայմանագիր էր ստորագրել ակումբի պատանեկան թիմի հետ մինչև 2027 թվականը։
Մինչ այդ Ղարիբյանը հանդես էր գալիս Olympique Rovenain U17 թիմում, որտեղ թիմի առաջատարներից մեկն էր։ 2024/25 մրցաշրջանում նա խփել էր 17 գոլ և ճանաչվել Ֆրանսիայի U17 առաջնության E խմբի լավագույն կիսապաշտպան։
Clermont Foot թիմը հանդես է գալիս Լիգա 2-ում։