Հայաստանի Մ-20 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ուզբեկստանին Ուսմանովի գավաթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ-20 հավաքականը անհաջող մեկնարկեց Տաշքենդում անցկացվող Միրաբրոր Ուսմանովի գավաթում։ Առաջին տուրում Միշա Ջորկաեֆի թիմը 1:5 հաշվով պարտվեց մրցաշարի տանտեր Ուզբեկստանի հավաքականին։
Ընդ որում՝ հանդիպման մեկնարկը հաջող էր Հայաստանի հավաքականի համար։ 19-րդ րոպեին Արթուր Մանուկյանը մենապայքարով առաջ շարժվեց և դիպուկ հարվածով բացեց հաշիվը։
Սակայն մինչև ընդմիջում Հայաստանի հավաքականին չհաջողվեց պահպանել առավելությունը։ Նախ Աբուլֆայզ Բոբոմուրոդովը հավասարեցրեց հաշիվը, ապա Դավրոն Տուլագանովը Ուզբեկստանի հավաքականին առաջ մղեց։
Ընդմիջումից հետո տանտերերը մեծացրին առավելությունը։ Տուլագանովը խփեց իր երկրորդ գոլը և դուբլ ձևակերպեց, իսկ այնուհետև ևս երկու անգամ աչքի ընկավ Կամրոն Յուսուպովը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:1։
Մրցաշարում իր հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-20 հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 4-ին՝ Ռուսաստանի դեմ։
Ուսմանովի գավաթին մասնակցում են չորս հավաքականներ՝ Հայաստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան։ Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 6-ին։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին իր հանդիպումն անցկացրեց նաև Հայաստանի Մ-19 հավաքականը։ Թիմը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հասակակիցների հետ՝ 1:1 հաշվով։