Արգիշտի Պետրոսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ Ստյոպա Մկրտչյանին փոխարինելու համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԲԿՄԱ-ի կենտրոնական պաշտպան Արգիշտի Պետրոսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների համար։
33-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ հրավեր է ստացել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Նյուրնբերգի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը չի կարող միանալ հավաքականին, քանի որ չի հասցրել լիովին ապաքինվել։
Այսպիսով, Պետրոսյանը առաջիկա միջազգային խաղափուլի համար Հայաստանի հավաքականի հայտացուցակում կփոխարինի Մկրտչյանին։
ԲԿՄԱ-ի պաշտպանի համար սա առաջին հրավերը չէ ազգային հավաքական։ Ավելի վաղ նա հրավիրվել էր նաև հունիսյան ընկերական հանդիպումներին, սակայն այդ ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել։
Այժմ Պետրոսյանը նոր հնարավորություն կունենա նորամուտը նշելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կանցկացնի Ազգերի լիգայի չորս հանդիպում։