«Արարատ-Արմենիան» պատմության շեմին. Տուլիպան՝ «Ունիվերսիտատյայի» դեմ խաղի և անսովոր գրազի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» ընդամենը մեկ քայլ է հեռու պատմական նվաճումից՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի լիգային փուլ դուրս գալուց։ Ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» դեմ փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման նախօրեին երևանյան թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և կիսապաշտպան Միշել Այվազյանը պատասխանել են լրագրողների հարցերին։
Կրայովայում կայացած առաջին հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, ուստի դիմակայության ելքը կորոշվի օգոստոսի 27-ին Երևանում։ Հանրապետական մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։ Զույգի հաղթողը Եվրոպա լիգայի լիգային փուլի ուղեգիր կստանա, իսկ պարտվող թիմը եվրագավաթային մրցաշրջանը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի լիգային փուլում։
Մամուլի ասուլիսին ներկա էր Sportaran.com-ի թղթակից Գարիկ Թովմասյանը, ով անսպասելիորեն Մանուել Տուլիպայի հետ գրազի մասնակից դարձավ։ Պորտուգալացի մասնագետը լրագրողներին առաջարկեց իր հետ միասին սափրել մորուքները, եթե «Արարատ-Արմենիան» հաղթանակ տոնի և պատմական արդյունքի հասնի։
Տուլիպան նաև խոսել է թիմի պատրաստվածության, «Ունիվերսիտատյայի» ուժեղ կողմերի, Սանդրո Լիմայի դերի և ակումբի պատմության կարևորագույն հանդիպումներից մեկին հոգեբանական պատրաստության մասին։ Այվազյանն իր հերթին պատմել է իր նպատակների, նոր մարզչի ղեկավարությամբ առաջընթացի և Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու ձգտման մասին։
«Արարատ-Արմենիա» — «Ունիվերսիտատյա Կրայովա» հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիս
Միշել Այվազյան
— Նախկինում «Արարատ-Արմենիայում» մարզվել եք Վարդան Մինասյանի ղեկավարությամբ, իսկ այժմ գլխավոր մարզիչը Մանուել Տուլիպան է։ Քեզ համար ինչ-որ բան փոխվե՞լ է։
— Երկու տարի առաջ ես դեռ չունեի այն փորձը, որն ունեմ հիմա։ Երկու տարի անցկացրել եմ ԲԿՄԱ-ում, այնտեղ շատ խաղաժամանակ եմ ստացել և փորձ ձեռք բերել։ Հիմա ֆիզիկապես ու հոգեբանորեն ավելի պատրաստ եմ։
— Ձեզ համար սա կարիերայի ամենակարևոր հանդիպումն է լինելու։ Որքանո՞վ եք պատրաստ խաղին։
— Թիմը շատ լավ է պատրաստ։ Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է այս հանդիպումը մեզ և ամբողջ երկրի համար։ Մենք ամեն ինչ կանենք՝ պատմություն կերտելու համար։
— Արդեն մի քանի հանդիպում եք անցկացրել Տուլիպայի ղեկավարությամբ։ Կա՞ մի բան, որ հատկապես նրանից եք սովորել։
— Այո, շատ բան եմ սովորել միստերից։ Կան դրվագներ, որոնք նախկինում խաղադաշտում չէի անում, իսկ հիմա նրա շնորհիվ անում եմ։ Ավելի ինքնավստահ եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ բարելավելու։
— Քո խաղի մասին հիմա շատ դրական արձագանքներ կան թե՛ մարզչի, թե՛ լրագրողների կողմից։ Ի՞նչն է քեզ մոտիվացնում շարունակել զարգանալ։
— Իմ նպատակն է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում և խաղալ Եվրոպայում։ Ես դեռ շատ հեռու եմ դրանից, այնպես որ պետք է շարունակեմ զարգանալ։
— Ձեր խաղաոճը շատ նման է Արմեն Համբարձումյանի խաղաոճին։ Մարզումների ժամանակ հաճա՞խ եք հետևում նրան և փորձում կրկնել նրա գործողությունները։
— Երբ նոր էի սկսում ներգրավվել հիմնական թիմի խաղերին ու մարզումներին, Արմենը միշտ կողքիս էր և ամեն ինչում օգնում էր։ Ես շատ բան եմ նրանից նկատել, կրկնել, հետևել նրան։ Այդ պատճառով էլ մեր խաղում որոշակի նմանություն կա։
Մանուել Տուլիպա
— Առաջնության՝ «Սարդարապատի» դեմ խաղում կազմի մեծ ռոտացիա կատարեցիք։ Կարո՞ղ եք ասել, թե այժմ ինչ վիճակում են ֆուտբոլիստները և երբ կվերադառնան վնասվածք ունեցողները։
— Ֆուտբոլիստները շատ լավ վիճակում են, լավ են մարզվում։ Ընդհանրապես մրցաշրջանի այս փուլում մենք երկու կազմով ենք խաղում. մեկը՝ առաջնությունում, մյուսը՝ եվրագավաթներում։ Բայց միշտ այդպես չի լինելու։ Կրայովայում խաղացած ֆուտբոլիստները «Սարդարապատի» դեմ չխաղացին։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմանամ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պատրաստ է հանդիպմանը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, քանի որ հիմա շատ կարևոր փուլում ենք։ Պահեստայինների նստարանին գտնվող բոլոր ֆուտբոլիստները ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն խաղադաշտ դուրս գալ և փրկել խաղը։ Առաջիկա հանդիպմանը թիմը պետք է կրկնակի մոտիվացիայով խաղա։
— Առաջին հանդիպմանը խաղին հետևում էիք տրիբունայից։ Կարողացա՞ք այնտեղից ազդել խաղի վրա և վերահսկել ընթացքը։
— Իհարկե, ինձ համար անհարմար է տրիբունայում գտնվել, երբ իմ թիմը խաղում է։ Բայց իմ ազդեցությունը խաղի վրա միայն հանդիպման ընթացքում չէ։ Մենք ամբողջ շաբաթ պատրաստվում ենք խաղին։ Բոլորը գիտեն իրենց անելիքը, թիմն ունի իր խաղաոճը, և դա օգնում է հաղթահարել իրավիճակը նույնիսկ այն ժամանակ, երբ ես տրիբունայում եմ։ Ամենակարևորն այն է, որ կարողանանք մեր մտքերը հասցնել ֆուտբոլիստներին։ Հնարավոր է՝ դա սովորականից ավելի դանդաղ էր տեղի ունենում, բայց ստացվեց։ Մեր կատարած փոփոխություններն էլ խաղում նախատեսված փոփոխությունները փոխանցելու միջոց էին։ Իսկ մարզչական շտաբը շատ լավ աշխատանք կատարեց։
— Առաջին խաղում նկատեցինք, որ «Արարատ-Արմենիան» ավելի արագ էր մրցակցից։ Հնարավոր է՝ ֆիզիկական ուժով զիջում է, բայց խաղադաշտում տեղաշարժվելու և գնդակի հետ աշխատելու արագությամբ ձեր թիմն առավելություն ունի։ Իսկ մրցակցի ո՞ր ուժեղ կողմերն եք առանձնացրել դուք։
— Կարող եմ ասել, որ մեզ համար ամենադժվարն այն էր, որ նրանք մեզ դիմավորում էին բարձր պրեսինգով։ Հաշվի առնելով դա՝ ես ֆուտբոլիստներից պահանջում էի խստորեն պահպանել իրենց դիրքերը, որպեսզի կարողանանք գնդակով առաջ շարժվել։ Մրցակիցն իսկապես ֆիզիկապես մեզանից ուժեղ է և ավելի հաճախ էր հաղթում մենապայքարներում։ Բայց մենք պետք է արագության շնորհիվ խուսափենք այդ պայքարից։ Բացի այդ, «Ունիվերսիտատյան» հարձակման ժամանակ շատ լավ է օգտագործում եզրերը, սակայն մենք կարողացանք փակել նրանց վինգերներին։
— Ինչպե՞ս եք թիմին հոգեբանորեն պատրաստել այսպիսի կարևոր հանդիպման։
— Երբ նոր էի եկել թիմ, առաջին հերթին սկսեցի աշխատել մտածելակերպի և հոգեբանության վրա, որպեսզի ֆուտբոլիստները միշտ ձգտեն հաղթանակի։ Դրա շնորհիվ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն։ Արդյունքում հիմա տեսնում ենք լավ թիմ։ Ինձ նաև շատ է դուր գալիս, որ երկու լիարժեք կազմ ունենք՝ յուրաքանչյուր դիրքի համար երկու ֆուտբոլիստ։ Ամեն դիրքում ուժեղ մրցակցություն կա։ Կարևոր չէ՝ կհաղթե՞նք, թե՞ ոչ, բայց վստահ եմ, որ ամբողջ ուժով ենք խաղալու և ամեն ինչ տալու ենք հաղթանակի համար։ Կարծում եմ՝ ֆուտբոլում գլխավորը ոչ թե տաղանդն է, այլ վերաբերմունքն ու մտածելակերպը։ Այս առումով մենք խնդիր չունենք։ Մտածելակերպը կարևոր է ոչ միայն մեզ, այլև հայկական մյուս թիմերի և այն ֆուտբոլիստների համար, որոնք ցանկանում են աճել, խաղալ Եվրոպայում և Հայաստանի ազգային հավաքականում։
— Որքանո՞վ է հարձակման գծում թիմի խաղը կախված Սանդրո Լիմայից։ Մրցակիցը կարող է փորձել ամբողջովին փակել նրան։ Ինչպե՞ս դա կարող է ազդել ձեր թիմի խաղի վրա, և անհրաժեշտության դեպքում ո՞վ կարող է նրան փոխարինել։
— Մեր թիմում երեք կենտրոնական հարձակվող կա, և մենք վստահում ենք բոլորին։ Բայց Սանդրոն նրանցից ամենակայունն ու ամենափորձառուն է։ Նա խաղացել է բազմաթիվ երկրներում և հաջողությունների հասել։ Խոսքը 35-ամյա ֆուտբոլիստի մասին է, բայց ես զարմացած եմ աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքից։ Նա իրեն գերազանց մարզավիճակում է պահում և հետևում է առողջությանն ու սննդակարգին։ Երբ նրան հրավիրում էինք թիմ, շատերը տարիքի պատճառով կասկածում էին, բայց նա տպավորիչ մարզավիճակ ցույց տվեց։ Մեզ նաև շատ է դուր գալիս, թե ինչպես է նա համագործակցում հարձակման գծի խաղընկերների հետ։ Նախկինում մեր հարձակումը կառուցում էինք մեր վինգերներ Սերոբյանի և Շաղոյանի շուրջ, սակայն Լիմայի գալուց հետո մեր հարձակումը ուժեղացավ և ավելի բազմազան դարձավ։ Ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ այս ամենը թիմային աշխատանքի արդյունք է։ Նրա շատ գոլեր ամբողջ թիմի շատ լավ համագործակցության արդյունքն են։ Եթե մրցակիցը լիովին փակի Լիմային, մենք ունենք նաև Ալիուն Նդուրին և Արայիկ Էլոյանին։ Նրանք շատ տարբեր են, և յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը։ Բայց նաև չմոռանանք, որ հենց նրանց հետ մենք դարձանք չեմպիոն, այնպես որ ես լիովին վստահում եմ նրանց։
— Միստեր Տուլիպա, շատ թիմեր, մարզիչներ և ֆուտբոլիստներ նախախաղային ծեսեր կամ թալիսմաններ ունեն։ Որքան հիշում եմ, դուք թալիսման ունեիք՝ արջով շապիկ։ Վաղվա խաղից առաջ որևէ ծես կատարելո՞ւ եք։
— Վաղվա հանդիպման գլխավոր թալիսմանը թիմում առկա դրական էներգիան է։ Մենք փորձում ենք այդ տրամադրությունը տեղափոխել խաղադաշտ, և մինչ այժմ դա մեզ միայն օգուտ է տվել։ Վստահ եմ, որ վաղն էլ կօգնի։ 29 հանդիպման ընթացքում ես հագել եմ այդ արջով շապիկը, և այդ խաղերում մենք չենք պարտվել, այնպես որ որևէ բան փոխելու պատճառ չի եղել։
— Միգուցե վաղն էլ այդ շապի՞կը հագնեք։
— Առաջարկում եմ ձեզ հետ գրազ գալ։ Եթե վաղը հաղթենք, ապա թե՛ ես, թե՛ դուք՝ լրագրողներդ, պետք է սափրենք մեր մորուքները։
— Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է վաղը հաղթելն ու Եվրոպա լիգայում խաղալը, բայց անձամբ ձեզ համար ի՞նչ է դա նշանակում։
— Առաջին հերթին ես շատ եմ սիրում երազել, իսկ դրա համար հարկեր վճարել պետք չէ։ Նախքան իմ մասին մտածելը՝ մտածում եմ այն մասին, որ վաղվա հաղթանակը հսկայական նշանակություն ունի ամբողջ Հայաստանի և հայ երկրպագուների համար։ Այստեղ ես հասկացա, որ ֆուտբոլը պարզապես ժամանց չէ։ Մարդիկ, ովքեր սիրում են ֆուտբոլը, այստեղ ապրում են դրանով։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ ներուժ և մեծ հնարավորություններ ունի։ Ինձ համար սա ամենակարևորն է։