«Արարատ-Արմենիան» 0:2-ից հետո կամային հաղթանակ տարավ և մոտեցավ չեմպիոնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» կարևորագույն կամային հաղթանակ տարավ Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում։ Մանուել Տուլիպայի թիմը 3:2 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, թեև երկրորդ խաղակեսի ընթացքում երկու գնդակի տարբերությամբ զիջում էր մրցակցին։
ԲԿՄԱ-ն խաղի մի հատվածում շատ հաջող հանդես եկավ և 58-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով։ Նախ հաշիվը բացեց Նարեկ Հովհաննիսյանը, ապա բանակային ակումբի առավելությունը կրկնապատկեց Մարկ Ավետիսյանը։ Թվում էր՝ առաջնության առաջատարը կարող է շատ կարևոր միավորներ կորցնել չեմպիոնական պայքարում, սակայն «Արարատ-Արմենիան» կարողացավ փոխել հանդիպման ընթացքը։
Քամբեքը սկսվեց Արայիկ Էլոյանի գոլից։ Այնուհետև Ժոաո Կեյրուշը հավասարեցրեց հաշիվը, իսկ վճռորոշ գնդակը խփեց Ուգո Օլիվեյրան՝ «Արարատ-Արմենիային» պարգևելով 3:2 հաշվով հաղթանակ։
Այս արդյունքը մեծ նշանակություն ունի չեմպիոնական պայքարում։ Վերջին տուրում «Արարատ-Արմենիան» կխաղա «Գանձասարի» դեմ։ Այս պահին չեմպիոնության իրական շանսեր պահպանում են միայն «Արարատ-Արմենիան» և «Նոան»։
Մանուել Տուլիպայի թիմի համար իրավիճակը հնարավորինս պարզ է․ վերջին տուրում հաղթանակը «Արարատ-Արմենիային» կերաշխավորի չեմպիոնությունը։ Եթե առաջատարը ոչ-ոքի խաղա կամ պարտվի, իսկ «Նոան» հաղթի իր երեք մնացած հանդիպումներում՝ «Փյունիկի», «Արարատի» և «Ուրարտուի» դեմ, ապա չեմպիոն կդառնա հենց «Նոան»։
Այսպիսով, ԲԿՄԱ-ի դեմ դրամատիկ հաղթանակից հետո տիտղոսի ճակատագիրը շարունակում է մնալ «Արարատ-Արմենիայի» ձեռքերում։ Չեմպիոն դառնալու համար թիմին մնում է կատարել վերջին քայլը՝ հաղթել «Գանձասարին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0