Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Սան Պաուլոյի WTA 250 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարում։
Քառորդ եզրափակիչում 24-ամյա թենիսիստուհին, որը WTA-ի վարկանիշում զբաղեցնում է 133-րդ տեղը, հանդիպեց Աննա Բլինկովայի (WTA 94) հետ։ Հանդիպումն ավարտվեց Բլինկովայի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 7:5։
Այսպիսով, Չարաևան կանգ առավ կիսաեզրափակիչից մեկ քայլ հեռավորության վրա։ Սան Պաուլոյում Հայաստանի ներկայացուցիչը տարավ երկու հաղթանակ և իր կարիերայում առաջին անգամ հասավ այս մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Բրազիլիայում հաջող ելույթը թույլ կտա Ալինային զգալիորեն բարելավել դիրքը համաշխարհային դասակարգման աղյուսակում։ WTA-ի live վարկանիշում նա բարձրացել է միանգամից 13 հորիզոնականով՝ 133-րդ տեղից հասնելով 120-րդին։
Սան Պաուլոյի մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էլինա Ավանեսյանը։ Նա մրցաշարը սկսեց արգենտինուհի Խուլիա Ռիերայի նկատմամբ հաղթանակով, իսկ երկրորդ շրջանում պարտվեց Չարաևային՝ 2:6, 3:6։
Ավանեսյանը նույնպես կբարելավի իր դիրքը վարկանիշում․ մրցաշարից հետո նա նախնական տվյալներով 155-րդ տեղից կբարձրանա 148-րդ հորիզոնական։