Ալինա Չարաևան և Էլինա Ավանեսյանը դուրս եկան Յասիի WTA 250 մրցաշարի 1/8 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ Ալինա Չարաևան և Էլինա Ավանեսյանը հաջողությամբ մեկնարկեցին Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA 250 կարգի հողածածկույթով մրցաշարի հիմնական փուլում։ Երկու մարզուհիներն էլ վստահ հաղթանակներ տարան առաջին շրջանում և դուրս եկան 1/8 եզրափակիչ։
WTA-ի դասակարգման աղյուսակում 224-րդ տեղը զբաղեցնող Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնուհի Մոյուկա Ուչիջիմային։ Հանդիպումն ավարտվեց երկու սեթում՝ 6:2, 6:4 հաշվով։
Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարչինկոյի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 45-րդ տեղը։
Ալինա Չարաևան ևս վստահ անցկացրեց մրցաշարի իր առաջին հանդիպումը։ WTA-ի դասակարգման աղյուսակում 118-րդ տեղը զբաղեցնող հայ թենիսիստուհին ջախջախիչ հաղթանակ տարավ Անդորրան ներկայացնող, աշխարհի 114-րդ ռակետ Վիկտորիա Խիմենես Կասինցևայի նկատմամբ՝ 6:0, 6:1։
Չարաևայի մրցակիցը 1/8 եզրափակիչում կորոշվի Յուլիա Պուտինցևա — Էնն Լի հանդիպման արդյունքում։
Յասիի մրցաշարն Ալինա Չարաևայի համար առաջինն է հայկական դրոշի ներքո։ Թենիսիստուհին վերջերս ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այժմ երկիրը ներկայացնում է միջազգային մրցաշարերում։