SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ալաշկերտը» փրկեց ոչ-ոքին «Ելիմայի» հետ Կոնֆերենցիաների լիգայում


«Ալաշկերտը» փրկեց ոչ-ոքին «Ելիմայի» հետ Կոնֆերենցիաների լիգայում
Ֆուտբոլ

«Ալաշկերտը» և ղազախական «Ելիմայը» ոչ-ոքի խաղացին Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Հյուրերը հաշվի մեջ առաջ անցան 60-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Արսեն Աշիրբեկը։ Սակայն հայկական թիմը կարողացավ խուսափել պարտությունից խաղավերջում։ 86-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Դավիթ Տերտերյանը՝ «Ալաշկերտին» պարգևելով ոչ-ոքի։

Հատկանշական է, որ Տերտերյանի գոլից անմիջապես հետո Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում անջատվեց լույսը։ Լուսավորությունը վերականգնելու համար պահանջվեց մոտ յոթ րոպե, որից հետո հանդիպումը շարունակվեց։

Ընդհանուր առմամբ, «Ելիմայը» ավելի ակտիվ տեսք ուներ և ստեղծեց ավելի շատ վտանգավոր պահեր։ Զգացվում էր նաև, որ Ղազախստանի առաջնությունը ընթացքի մեջ է, իսկ «Ալաշկերտի» համար սա մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումն էր։ Վահե Գևորգյանի թիմի խաղում քիչ չէին սխալները, սակայն երևանյան ակումբը բնավորություն ցույց տվեց և կարողացավ փրկել հանդիպումը։

«Ալաշկերտի» կազմում մեկնարկային րոպեներից իրենց նորամուտը նշեցին Սեզարը և Դոմի Մասումուն։ Փոխարինման դուրս գալուց հետո թիմի կազմում առաջին հանդիպումներն անցկացրին նաև Ֆիլիպ Էջիկեն, Ամադու Տոգոլան և Հակոբ Հակոբյանը։

Պատասխան հանդիպումը «Ելիմայի» և «Ալաշկերտի» միջև կկայանա հուլիսի 16-ին Սեմեյում։

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան — Արսեն Սադոյան (Հակոբ Հակոբյան, 84), Սեզար, Յարոսլավ Մատյուխին, Ռոբերտ Հակոբյան (Դավիթ Տերտերյան, 50) — Էդգար Փիլոյան (Ամադու Տոգոլա, 78), Կարեն Նալբանդյան, Ռաֆայել Ժեզուս — Օլավալե Ֆարայոլա, Դոմի Մասումու (Ջոզեֆ Սաբոբո, 45), Մոմո Տուրե (Ֆիլիպ Էջիկե, 78)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։