«Ալ-Ահլին» Սպերցյանի հետ սկսում է Ասիայի Չեմպիոնների լիգայի տիտղոսի պաշտպանությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, կանցկացնի Ասիայի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգային փուլի առաջին հանդիպումը։
Մեկնարկային տուրում մրցաշարի գործող հաղթողը սեփական հարկի տակ կմրցի Ուզբեկստանի «Պախտակորի» հետ։ Հանդիպումը կկայանա Ջիդդայի King Abdullah Sports City մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին։
«Ալ-Ահլին» նոր խաղարկությանը մոտենում է մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի կարգավիճակով։ Սաուդյան ակումբը նպատակ ունի ևս մեկ անգամ նվաճել Ասիայի գլխավոր ակումբային մրցաշարի գավաթը և շարունակել վերջին մրցաշրջանների տպավորիչ ելույթները։
Ասիական մրցասպարեզում նախորդ երկու խաղարկությունների ընթացքում «Ալ-Ահլին» անցկացրած 30 հանդիպումներից միայն մեկում է պարտվել, իսկ վերջին հինգ խաղերում հաղթանակ է տարել։ Նախորդ մրցաշրջանում թիմը խփել է 27 գոլ՝ ավելի շատ, քան մրցաշարի որևէ այլ մասնակից։
Միևնույն ժամանակ «Պախտակորը» նախկինում արդեն խնդիրներ է ստեղծել սաուդյան ակումբի համար։ Թիմերը մինչ այժմ հանդիպել են չորս անգամ, և երկու խաղում հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչը։
Լիգային փուլում «Պախտակորից» բացի «Ալ-Ահլին» կմրցի նաև «Ալ-Վասլի» (ԱՄԷ), «Ալ-Ղարաֆայի» (Կատար), «Ալ-Սադդի» (Կատար), «Ալ-Շամալի» (Կատար), «Շաբաբ Ալ-Ահլիի» (ԱՄԷ), «Նեֆթչիի» (Ուզբեկստան) և «Ալ-Այնի» (ԱՄԷ) հետ։
Հայ ֆուտբոլասերների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Էդուարդ Սպերցյանի ելույթը, որը «Ալ-Ահլիի» կազմում կանցկացնի իր առաջին ասիական ակումբային մրցաշրջանը։
Մրցաշարի պաշտոնական հեռարձակողը Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում TV Start-ն է։
Ասիայի Չեմպիոնների լիգա, 1-ին տուր
«Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա) — «Պախտակոր» (Ուզբեկստան)
Սեպտեմբերի 14, Երևանի ժամանակով՝ 22:15
Մարզադաշտ՝ King Abdullah Sports City, Ջիդդա։