Ադելիա Պետրոսյանը կսահի Օլիմպիական խաղերում-2026. մեկնարկ՝ կարճ ծրագրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ փետրվարի 17-ին, Ադելիա Պետրոսյանը դուրս կգա սառույց՝ Ձմեռային Օլիմպիական խաղեր-2026-ում և կներկայացնի կարճ ծրագիրը Մայքլ Ջեքսոնի երգերի ներքո (Billie Jean, They Don’t Care About Us)։
18-ամյա հայ մարզուհին Ռուսաստանից կմեկնարկի կանանց մենասահքում։ Պետրոսյանը կարճ ծրագրում հանդես կգա 2-րդ համարի ներքո, որտեղ հայտավորված են 29 մարզուհիներ։ Արդյունքում միայն 24 գեղասահորդուհի կշարունակեն մրցումը ազատ ծրագրում։
Մրցումների սկիզբը՝ 20:45 Մոսկվայի ժամանակով (21:45՝ Երևանի ժամանակով)։
Հայաստանում հեռարձակումը կցուցադրի Առաջին ալիքը, Ռուսաստանում՝ OKKO ծառայությունը, իսկ մի շարք այլ երկրներում մրցումները հասանելի կլինեն Eurosport-ում։
Ծրագիր՝ Մայքլ Ջեքսոնի երաժշտությամբ
Ադելիայի կարճ ծրագիրը բեմադրված է Մայքլ Ջեքսոնի հիթերի ներքո՝ վառ և հուզական ընտրություն, որը խոստանում է դինամիկա հաղորդել օլիմպիական սառույցին։ Հիմնական տարրերից կլինեն քառակի տուլուպները․ մաքուր կատարման դեպքում դրանք կարող են վճռորոշ դեր ունենալ բարձր միավորների համար պայքարում։
Գլխավոր ֆավորիտը՝ Կաորի Սակամոտո
Ոսկե մեդալի գլխավոր հավակնորդը համարվում է ճապոնուհի Կաորի Սակամոտոն՝ աշխարհի եռակի չեմպիոն և օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր։ Չնայած հարուստ նվաճումներին, օլիմպիական ոսկին դեռ մնում է նրա չնվաճված գագաթը, ինչը հավելյալ ինտրիգ է հաղորդում մրցաշարին։
Պայքար՝ պատվո հարթակի համար
Պետրոսյանը նույնպես համարվում է ֆավորիտներից մեկը։ Անսխալ սահքի դեպքում նա կարող է լուրջ մրցակցություն ստեղծել Սակամոտոյի համար։ Սակայն միջազգային մեծ փորձի պակասը կարող է հոգեբանական ճնշման գործոն դառնալ օլիմպիական մթնոլորտում։
Ոսկու հավակնորդների թվում են նաև ԱՄՆ ներկայացուցիչները՝
Ալիսա Լյու
Էմբեր Գլեն
Երկու ամերիկուհիներն արդեն մասնակցել են Օլիմպիական խաղեր-2026-ի թիմային մրցաշարին և նվաճել ոսկե մեդալներ, ինչը նրանց լրացուցիչ վստահություն է տալիս անհատական մեկնարկից առաջ։
Երեկոյան սպասվում է առաջին հանգուցալուծումը։ Կարճ ծրագիրը կսահմանի օլիմպիական ոսկու համար պայքարի տոնը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0