Հայաստանի Առաջին լիգայի 2026/2027 մրցաշրջանին մասնակցելու արտոնագիր է ստացել 7 ակումբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026/2027 մրցաշրջանում Առաջին լիգային մասնակցելու համար ակումբների արտոնագրման հարցը։
Նիստի արդյունքներով Առաջին լիգայի արտոնագիր են ստացել յոթ ակումբներ.
- «Բենտոնիտ»
- «Լեռնային Արցախ»
- «Հայք»
- «Միկա»
- «Օլիմպիա»
- «Արաքս»
- «Անդրանիկ»
Մայիսի 29-ին ՀՖՖ արտոնագրման կոմիտեն ուսումնասիրել է Առաջին լիգայի արտոնագիր ստանալու հայտ ներկայացրած վեց ակումբների փաստաթղթերը։ Խոսքը ՀԿ «Բենտոնիտ ՖԱ», ՍՊԸ «Լեռնային Արցախ ՖԱ», ՀԿ «Հայք ՖԱ», ՀԿ «Միկա ՄԱ», ՀԿ «Օլիմպիա ՖԱ» և ՀԿ «Արարատի Արաքս ՖԱ» ակումբների մասին է։
Բոլոր վեց ակումբները միաձայն ստացել են արտոնագրեր, ինչը նրանց իրավունք է տալիս հանդես գալ Հայաստանի Առաջին լիգայի 2026/2027 մրցաշրջանում։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Առաջին լիգայի ակումբների արտոնագրման կանոնակարգի 13.05 հոդվածի համաձայն, 2026/2027 մրցաշրջանի Առաջին լիգայի առաջնությանը կմասնակցի նաև ՀԿ «Անդրանիկ ՖԱ»-ն։
Այսպիսով, Առաջին լիգայի արտոնագրված ակումբների շարքում հայտնվել է նոր մասնակից՝ «Օլիմպիան»։ Ակումբը կբազավորվի Աշտարակում։ Քաղաքի մարզադաշտում արդեն ընթանում են վերանորոգման աշխատանքներ, որպեսզի այն կարողանա ընդունել Առաջին լիգայի հանդիպումներ։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացրել էր Պրեմիեր լիգայի ակումբների արտոնագրումը։ Նիստի արդյունքներով արտոնագրեր էին ստացել 11 ակումբներ՝ «Ալաշկերտը», «Փյունիկը», «Վանը», «Ուրարտուն», «Արարատը», «Նոան», «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Գանձասարը», «Սյունիքը» և «Սարդարապատը»։
Նշենք, որ ակումբների արտոնագրումը նոր մրցաշրջանի նախապատրաստական կարևոր փուլերից մեկն է։ Այն որոշում է, թե որ թիմերը իրավունք կստանան մասնակցելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերին և համապատասխանում են ենթակառուցվածքային, փաստաթղթային ու կազմակերպչական պատրաստվածության սահմանված պահանջներին։