Ժորա Սահակյանը դարձավ UNF-ի ժամանակավոր չեմպիոն․ հայ մարտիկների արդյունքները UNF 34 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 19-ին Կալիֆոռնիայի Կոմերս քաղաքում կայացավ խառը մենամարտերի UNF 34 մրցաշարը, որում հաջող ելույթներ ունեցան հայ մարտիկները։
Երեկոյի գլխավոր մենամարտում անպարտելի Ժորա Սահակյանը պրոֆեսիոնալ կարիերայում տարավ իր վեցերորդ հաղթանակը։ Հայ մարտիկը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթեց Հոլթ Ֆելկինսին և նվաճեց UNF-ի թեթևագույն քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Սահակյանի ռեկորդն այժմ 6 հաղթանակ և 0 պարտություն է։

Պրոֆեսիոնալ MMA-ում ևս մեկ հաղթանակ տարավ Պարգև Խաչատրյանը։ Նա Էնրիկե Մարտեի դեմ մենամարտն ավարտեց խեղդող հնարքով և իր ռեկորդը հասցրեց 4-0-ի։
Հաջող հանդես եկան նաև հայկական MMA-ի մյուս ներկայացուցիչները։ Քրիստոֆ Բուլդուկյանը, Էդուարդ Զոհրաբյանը և Խաչիկ Վարդանյանը հաղթանակներ տարան սիրողական և կիսապրոֆեսիոնալ մենամարտերում։
Բացի այդ, UNF 34 մրցաշարի շրջանակում անցկացված գրեփլինգի գոտեմարտում հաղթանակ տարավ Արթուր Ցկանյանը։