Հաստատվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի նոր կանոնակարգը. ինչ է փոխվելու
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի արդյունքում հաստատվել է ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների անցկացման կանոնակարգը 2026/27 մրցաշրջանի համար։
Փաստաթուղթը ընդունվել է առցանց քվեարկության արդյունքում։ Կանոնակարգի հաստատմանը կողմ է քվեարկել Գործկոմի 8 անդամ, դեմ չի եղել ոչ ոք, ձեռնպահներ նույնպես չեն եղել։
Գլխավոր փոփոխությունները վերաբերում են Հայաստանի Պրեմիեր լիգայի կառուցվածքին, դուրս մնալու կանոններին, անցումային խաղերին և ԲԿՄԱ-ի հատուկ կարգավիճակին։
Հայաստանի Պրեմիեր լիգան կպահպանի 12 թիմով ձևաչափը
2026/27 մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում կարող է հանդես գալ առավելագույնը 12 թիմ։ Առաջնությունն անցկացվելու է շրջանաձև համակարգով՝ երեք շրջանով։
Առաջին և երկրորդ շրջաններում յուրաքանչյուր թիմ մրցակիցների հետ կանցկացնի մեկական հանդիպում տանը և մրցակցի հարկի տակ։ Երրորդ շրջանը կանցկացվի առաջին շրջանի ձևաչափով։ Այսպիսով, 12 մասնակցի դեպքում յուրաքանչյուր թիմ մրցաշրջանի ընթացքում կանցկացնի 33 հանդիպում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակիցների թիվը կարող է փոփոխվել 2027/28 մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի առանձին որոշմամբ։
Վերջին տեղը զբաղեցրած թիմը դուրս կմնա Առաջին լիգա
Նոր կանոնակարգի համաձայն՝ թիմը, որը մրցաշրջանի ավարտին Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում կզբաղեցնի վերջին՝ 12-րդ տեղը, հաջորդ մրցաշրջանում կկորցնի բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքը և կկարողանա ելույթները շարունակել միայն Առաջին լիգայում։
Առաջին լիգայի հաղթողը, իր հերթին, համապատասխան արտոնագիր ունենալու դեպքում իրավունք կստանա բարձրանալ Հայաստանի Պրեմիեր լիգա։
Եթե Առաջին լիգայում առաջին տեղը զբաղեցնի այնպիսի ակումբի թիմ, որն արդեն ներկայացված է Հայաստանի Պրեմիեր լիգայում, ապա բարձրանալու իրավունքը կանցնի աղյուսակում հաջորդ այն ակումբին, որն ունի բարձրագույն խմբում հանդես գալու արտոնագիր։
11-րդ տեղը զբաղեցրած թիմը կանցկացնի անցումային խաղ
Հայաստանի Պրեմիեր լիգայում 11-րդ տեղը զբաղեցրած թիմը կխաղա անցումային խաղ՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար։
Նրա մրցակիցը կլինի Առաջին լիգայում երկրորդ տեղը զբաղեցրած թիմը։ Եթե այդ ակումբն արդեն ներկայացված է Հայաստանի Պրեմիեր լիգայում կամ չստանա անհրաժեշտ արտոնագիր, անցումային խաղին մասնակցելու իրավունքը կանցնի Առաջին լիգայի հաջորդ այն թիմին, որը կհամապատասխանի կանոնակարգի պահանջներին։
Անցումային խաղը կանցկացվի մեկ հանդիպման ձևաչափով՝ չեզոք դաշտում։ Եթե հիմնական ժամանակն ավարտվի ոչ-ոքի, թիմերը կանցկացնեն լրացուցիչ ժամանակ։ Եթե հաղթողը դրանից հետո էլ չորոշվի, կնշանակվի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։
ԲԿՄԱ-ն չի կարող դուրս մնալ և չի մասնակցի անցումային խաղերին
Կանոնակարգի առանձին կետը վերաբերում է ԲԿՄԱ-ին։ Թիմը պահպանում է հատուկ կարգավիճակը Հայաստանի Պրեմիեր լիգայում և մարզական սկզբունքով չի կարող դուրս մնալ Առաջին լիգա։
Բացի այդ, ԲԿՄԱ-ն չի մասնակցի անցումային խաղերին։
Եթե ԲԿՄԱ-ն մրցաշրջանն ավարտի 12-րդ տեղում, թիմը կպահպանի իր տեղը Պրեմիեր լիգայում, իսկ բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքը կկորցնի 11-րդ տեղը զբաղեցրած ակումբը։ Այդ դեպքում անցումային խաղին կմասնակցի 10-րդ տեղը զբաղեցրած թիմը։
Եթե ԲԿՄԱ-ն եզրափակի մրցաշրջանը 11-րդ հորիզոնականում, ապա անցումային խաղում նրա տեղը կզբաղեցնի մրցաշարային աղյուսակում անմիջապես ավելի բարձր տեղում գտնվող թիմը։
Այսպիսով, ԲԿՄԱ-ի մասնակցությունը Հայաստանի Պրեմիեր լիգայում շարունակում է պաշտպանված մնալ կանոնակարգի առանձին դրույթներով։
Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակային ֆոնդը չի փոխվել
Մասնակցության ֆինանսական պայմաններն ու մրցանակային վճարումները նոր կանոնակարգում մնացել են անփոփոխ։
Հայաստանի Պրեմիեր լիգային մասնակցելու վճարը կազմում է 4,5 մլն դրամ։ Առաջին լիգայի ակումբների համար վճարը սահմանվել է 1,5 մլն դրամ։ Հայաստանի գավաթին և Սուպերգավաթին մասնակցությունը շարունակում է մնալ անվճար։
2026/27 մրցաշրջանի արդյունքներով Հայաստանի չեմպիոնը կստանա 10 մլն դրամ, Հայաստանի Պրեմիեր լիգայի գավաթը և 50 ոսկե մեդալ։
Եվրագավաթների ուղեգրեր
2026/27 մրցաշրջանի Հայաստանի չեմպիոնը համապատասխան արտոնագիր ունենալու դեպքում իրավունք կստանա հանդես գալ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2027/28 մրցաշրջանում։
Հայաստանի գավաթակիրը, ինչպես նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը իրավունք կստանան հանդես գալ եվրագավաթներում։ Եթե Հայաստանի գավաթը նվաճի առաջնության լավագույն եռյակում ընդգրկված թիմը, եվրագավաթային ուղեգիրը կանցնի Հայաստանի Պրեմիեր լիգայում չորրորդ տեղը զբաղեցրած ակումբին։
Եթե ԲԿՄԱ-ն զբաղեցնի եվրագավաթներին մասնակցելու իրավունք տվող տեղ, այդ ուղեգիրը նույնպես կանցնի մրցաշարային աղյուսակում հաջորդ թիմին։
Ինչու է նոր կանոնակարգը կարևոր
Նոր կանոնակարգը ավելի լարված է դարձնում պայքարը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում։ Այժմ 12-րդ տեղը ուղիղ տանում է դեպի դուրս մնալ, իսկ 11-րդ հորիզոնականը՝ անցումային խաղ։ Միևնույն ժամանակ, ԲԿՄԱ-ի հատուկ կարգավիճակը կարող է լրջորեն ազդել դուրս մնալու և անցումային խաղերի գոտում տեղերի բաշխման վրա։
Առաջին լիգայի ակումբների համար կանոնակարգը նույնպես բացում է էլիտա բարձրանալու լրացուցիչ ճանապարհ. բացի չեմպիոնի ուղիղ բարձրացումից, երկրորդ ակումբը հնարավորություն է ստանում անցումային խաղի միջոցով պայքարել Հայաստանի Պրեմիեր լիգայում տեղ ունենալու համար։
2026/27 մրցաշրջանը կդառնա առաջինը ՀՖՖ պրոֆեսիոնալ մրցումների թարմացված կանոնակարգի հաստատումից հետո և կարող է զգալիորեն փոխել Հայաստանի առաջնության ինտրիգը։
Ամբողջական փաստաթուղթը կարելի է ներբեռնել հղումով։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանը անցկացվել է 10 թիմի մասնակցությամբ և բաղկացած է եղել 27 տուրից։