Սպերցյանը չբացառեց «Կրասնոդարից» հեռանալը Ռուսաստանի գավաթի եզրափակչից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը չբացառեց, որ FONBET Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը Մոսկվայի «Սպարտակի» դեմ կարող էր լինել իր վերջին հանդիպումը «ցուլերի» կազմում։
Հանդիպումը կայացավ կիրակի Մոսկվայում՝ «Լուժնիկի» մարզադաշտում։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին «Սպարտակի» ֆուտբոլիստները։ Սպերցյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը և իրացրեց իր 11-մետրանոց հարվածը, սակայն դա բավարար չեղավ «Կրասնոդարին» եզրափակչում հաղթանակ տանելու համար։
Խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խոստովանեց, որ թիմը ստացել է աջակցության խոսքեր՝ չնայած ցավալի պարտությանը։
«Մենք թիմ ենք, որը պայքարում է ոսկու համար։ Բայց միշտ չէ, որ կարելի է առաջինը լինել։ Գուցե ավելի շատ հնարավորություններ ունենայինք, եթե խաղայինք Կրասնոդարում», — Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Պատասխանելով իր ապագայի մասին հարցին՝ «ցուլերի» ավագը հասկացրեց, որ միջմրցաշրջանում հնարավոր են իրադարձությունների տարբեր զարգացումներ։ Սպերցյանի խոսքով՝ թիմի ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը կարող է ազդել հետագա իրավիճակի վրա։
«Կտեսնենք՝ մերոնցից որևէ մեկի նկատմամբ հետաքրքրություն կլինի, թե ոչ։ Ամեն ինչ հնարավոր է։ Գուցե սա իմ վերջին խաղն էր “Կրասնոդարի” կազմում», — հայտարարել է ֆուտբոլիստը։
Սպերցյանը նաև խոսել է առողջական խնդիրների մասին։ Կիսապաշտպանը նշել է, որ արդեն մի քանի ամիս անհարմարություն է զգում և շարունակում է խաղալ ներարկումներով։
«Կրասնոդարի» համար մրցաշրջանն ավարտվեց առանց տիտղոսների, թեև թիմը մոտ էր ինչպես չեմպիոնությանը, այնպես էլ Ռուսաստանի գավաթը նվաճելուն։ «Սպարտակի» դեմ եզրափակիչը ակումբի համար դարձավ մրցաշրջանի ավարտի ևս մեկ ցավալի դրվագ։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ հունիսյան ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։ Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին և 9-ին Երևանում կխաղա Ղազախստանի և Մոլդովայի դեմ։