Սպերցյանը մոտ է «Ալ-Ահլի» տեղափոխությանը․ «Կրասնոդարը» կստանա 20 մլն եվրո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխությանը։ Ինսայդեր Իվան Կարպովի տեղեկություններով՝ ակումբների միջև գործարքն արդեն պատրաստ է, իսկ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցված են։
Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 20 մլն եվրո։ Սաուդյան Արաբիայում Սպերցյանը պետք է պայմանագիր ստորագրի մինչև 2029 թվականը՝ «3+1» ձևաչափով։ 26-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը Ջիդդայի ակումբում կկազմի տարեկան մոտ 6 մլն եվրո՝ առանց հնարավոր բոնուսների։
Բուժզննումը Էդուարդը պետք է անցնի հաջորդ շաբաթ Դուբայում։ Դրանից հետո տրանսֆերը կարող է պաշտոնապես ավարտին հասցվել։
Սպերցյանի համար այս տեղափոխությունը կդառնա Ռուսաստանից դուրս խաղալու երկար սպասված հնարավորություն։ Տարբեր տարիներին նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել եվրոպական ակումբներ, որոնց թվում նշվում էին «Այաքսը», «Լիդսը» և «Սաութհեմփթոնը», սակայն լիարժեք տրանսֆերը այդպես էլ չէր կայանում։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և վերջին տարիների ընթացքում ակումբի առաջատար խաղացողներից մեկը։ «Ցուլերի» կազմում նա ՌՊԼ-ում և Ռուսաստանի գավաթում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Եթե տեղափոխությունը պաշտոնապես ձևակերպվի, Սպերցյանը կդառնա Սաուդյան Պրո լիգայում հանդես եկած երրորդ հայ ֆուտբոլիստը՝ Մարկոս Պիզելլիից և Լուկաս Սելարայանից հետո։