Վարդանյանի շոուն Ադրբեջանում․ դուբլ և գոլային փոխանցում «Դինամոյի» հաղթական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական արմատներ ունեցող Մինսկի «Դինամոյի» հարձակվող Կարեն Վարդանյանը Կոնֆերենցիաների լիգայի՝ ադրբեջանական «Նեֆթչիի» դեմ արտագնա հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ։
Սումգայիթում կայացած հանդիպումն ավարտվեց բելառուսական ակումբի՝ 4։2 հաշվով հաղթանակով։ Վարդանյանը երկու գոլ խփեց՝ աչքի ընկնելով 36-րդ և 57-րդ րոպեներին, ինչպես նաև կատարեց գոլային փոխանցում։
Տանտերերը հաշիվը բացեցին արդեն երկրորդ րոպեին՝ Էմին Մահմուդովի գոլի շնորհիվ։ Ութերորդ րոպեին Ալեքսանդր Սելյավայի ինքնագոլից հետո «Նեֆթչիի» առավելությունը մեծացավ։ Սակայն հետագայում Մինսկի «Դինամոյին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։
Վարդանյանից բացի՝ բելառուսական թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մաքսիմ Մալաշևիչը՝ 47-րդ րոպեին, և Գուլժիգիտ Ալիկուլովը՝ 77-րդ րոպեին։
Կարեն Վարդանյանը հորական կողմից հայկական արմատներ ունի։ Նրա հայրը վաղ է հեռացել ընտանիքից, ուստի ապագա ֆուտբոլիստը մեծացել է բելառուս մոր հետ։ Հետագայում Վարդանյանն ընտրել է Բելառուսի ազգային հավաքականը։
Ավելի վաղ նա Բելառուսի հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի ազգային թիմի դեմ Երևանում կայացած հանդիպմանը։