Հայաստանի լաքրոսի հավաքականները պատրաստվում են Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի լաքրոսի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են նախապատրաստվել Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը, որը կանցկացվի Իսպանիայում նոյեմբերի 2-ից 8-ը։ Մրցաշարը կունենա առանձնահատուկ նշանակություն, քանի որ այն կդառնա 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլ։
Նախապատրաստության շրջանակում Հայաստանի երկու հավաքականներն էլ մասնակցել են Նյու Ջերսիում կայացած Heritage Cup ընկերական մրցաշարին։ Հայաստանի հավաքականների համար այս հանդիպումները կարևոր ստուգատես դարձան մրցաշրջանի գլխավոր մեկնարկից առաջ և հնարավորություն տվեցին գնահատել պատրաստվածության մակարդակը միջազգային մրցակիցների ֆոնին։
Հատկապես վստահ հանդես եկավ Հայաստանի կանանց հավաքականը։ Թիմը հաղթեց մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում։ Հայ լաքրոսիստուհիները 16։5 հաշվով հաղթեցին Լեհաստանին, ապա առավելության հասան Հոնկոնգի նկատմամբ՝ 11։5, իսկ եզրափակիչ հանդիպման մեջ ուժեղ գտնվեցին Կոլումբիայից՝ 15։7։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես անցկացրեց մի քանի արդյունավետ հանդիպում։ Հայկական թիմը 14։10 հաշվով հաղթեց Նիդերլանդներին և վստահ հաղթանակ տարավ Հունգարիայի նկատմամբ՝ 19։7։ Միակ պարտությունը հավաքականը կրեց Ջամայկայի դեմ լարված խաղում՝ զիջելով նվազագույն տարբերությամբ՝ 12։13։
Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը կարևորագույն փուլ է լինելու հայկական լաքրոսի համար։ Մրցաշարի արդյունքներով 2027 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր կստանան տղամարդկանց և կանանց մրցաշարերի հինգական լավագույն հավաքականները։ Արդեն 2027 թվականի աշխարհի առաջնությունում կանցկացվի 2028 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական փուլը, որտեղ լաքրոսում կխաղարկվի ընդամենը վեց օլիմպիական ուղեգիր։
Heritage Cup-ում հաջող ելույթը ցույց է տալիս, որ Հայաստանի երկու հավաքականներն էլ եվրոպական մրցաշարին մոտենում են լուրջ հավակնություններով և աստիճանաբար միջազգային փորձ են կուտակում աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարից առաջ։
Հայկական թիմերը հիմնականում կազմված են ԱՄՆ-ում բնակվող հայերից։
