Հայաստանի Առաջին լիգայի մեկնարկը․ ԲԿՄԱ-2-ի և «Անդրանիկի» խոշոր հաղթանակները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 3-ին կայացան Հայաստանի Առաջին լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումները։ Նոր առաջնությունը մեկնարկեց երկու խոշոր հաղթանակով, իսկ մի քանի ակումբներ անցկացրին իրենց նորամուտի հանդիպումները։
Տուրի ամենաարդյունավետ հանդիպումներից մեկը ԲԿՄԱ-2-ի և «Լեռնային Արցախի» դիմակայությունն էր։ Երևանյան թիմը մրցակցի դարպասն ուղարկեց չորս անպատասխան գնդակ։ Գոռ Գրիգորյանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Արտակ Գալստյանն ու Էրիկ Վուվունիկյանը խփեցին մեկական գոլ։
Նույն հաշվով ավարտվեց «Արարատ-2» — «Անդրանիկ» հանդիպումը։ Գեղարքունիքը ներկայացնող ակումբը հաղթեց 4:0 հաշվով։ Դավիթ Գիասյանը երկու գոլ խփեց, իսկ Էրիկ Պետրոսյանն ու Արարատ Չիլինգարյանը մեկական անգամ գրավեցին մրցակցի դարպասը։
Հաջող ստացվեց նաև «Օլիմպիայի» նորամուտը Առաջին լիգայում։ Ռոման Սիմոնյանի գլխավորած թիմն իր առաջին հանդիպումը պրոֆեսիոնալ մակարդակում անցկացրեց Աշտարակում և 2:0 հաշվով հաղթեց Արաս Օզբիլիսի գլխավորած «Ուրարտու-2»-ին։ Երկու գոլերի հեղինակն էլ դարձավ Դենիլսոն Կարվալյու դա Սիլվան։
Մրցաշարում իր առաջին հաղթանակը տարավ նաև «Սարդարապատ-2»-ը։ «Շիրակ-2»-ի դեմ արտագնա խաղի ելքը վճռեց Եսայի Բաղրամյանի՝ 86-րդ րոպեին խփած գոլը։
«Փյունիկ Ակադեմիան» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա-2»-ին՝ 1:0։ Տուրի ամենալարված և գոլառատ հանդիպումը կայացավ «Նոա-2»-ի ու «Միկայի» միջև և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:2։
Միևնույն ժամանակ «Հայք» ակումբի առաջին հանդիպումը չկայացավ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ թիմը կարող է հրաժարվել Առաջին լիգայի առաջնությանը մասնակցելուց, սակայն այդ մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Հայաստանի Առաջին լիգայի առաջին տուրի արդյունքները
«Շիրակ-2» — «Սարդարապատ-2»՝ 0:1
«Օլիմպիա» — «Ուրարտու-2»՝ 2:0
ԲԿՄԱ-2 — «Լեռնային Արցախ»՝ 4:0
«Արարատ-2» — «Անդրանիկ»՝ 0:4
«Փյունիկ Ակադեմիա» — «Արարատ-Արմենիա-2»՝ 1:0
«Նոա-2» — «Միկա»՝ 2:3