Պերկովիչ. «Մենք չենք պարտվել։ «Սիոնի» հետ 2:2-ը պարտություն չէ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է շվեյցարական «Սիոնի» հետ ոչ-ոքին (2:2) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում։
Հայկական թիմը երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ՝ Էլդեր Ֆերեյրայի և Գոռ Մանվելյանի գոլերի շնորհիվ, իսկ 26-րդ րոպեից խաղում էր թվային առավելությամբ՝ հյուրերի պաշտպան Նիաս Հեֆտիի հեռացումից հետո։ Սակայն երկրորդ խաղակեսում «Սիոնը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, որից հետո արդեն «Նոան» մնաց տասը հոգով․ կարմիր քարտ ստացավ Սթոուն Մամբոն։
Խաղից հետո Պերկովիչն ընդգծեց մրցակցի ուժը, ընդունեց իր թիմի սխալները և հայտարարեց, որ դիմակայության ելքը դեռ բաց է։
Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը «Նոա» — «Սիոն» 2:2 խաղից հետո
Սանդրո Պերկովիչի ներածական խոսքը
— Իմ կարծիքով՝ Աբովյանում հիանալի եվրագավաթային երեկո էր։ Մենք ակտիվ սկսեցինք հանդիպումը և վերահսկում էինք խաղը։ Արագ գոլ խփեցինք, իսկ նույնիսկ բաց թողած գոլից հետո շարունակեցինք վերահսկել հանդիպման ընթացքը և շուտով երկրորդ գոլը խփեցինք։
Մրցակցի հեռացումից հետո խաղը մեզ համար պետք է ավելի հեշտ դառնար, բայց մենք սկսեցինք սխալ որոշումներ կայացնել դաշտի կենտրոնում և ավելի դանդաղ գործել։ Հնարավոր է՝ բաց թողած գոլերի և մեր հեռացման դրվագները ցույց տվեցին, որ որոշ իրավիճակներում չափազանց միամիտ էինք։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել մրցակցի ուժն ու նրա ֆուտբոլիստների անհատական որակները։ Երբ նման թիմի դեմ թեկուզ մեկ վայրկյան կորցնում ես կենտրոնացումը, քեզ պատժում են։
Հիմա դիմակայությունում հավասարություն է։ Մենք կմեկնենք Շվեյցարիա, կփորձենք ցուցադրել մեր լավագույն խաղը և կտեսնենք, թե դա ինչի կհանգեցնի։
— Ի՞նչ կասեք Դավիդ Սուալեհեի խաղի մասին։ Մրցակիցը հաճախ վտանգ էր ստեղծում նրա եզրով։
— Այո, գոլերից մեկը բաց թողեցինք նրա սխալից հետո։ Բայց միևնույն ժամանակ նշեմ, որ նա շատ լավ էր գործում եզրում։ Մարին Յակոլիշի հետ նրա փոխգործակցությունը հանգեցրեց մի քանի վտանգավոր պահերի։ Սուալեհեն շատ լավ է գործում հարձակման ժամանակ։
Միևնույն ժամանակ «Սիոնում» շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, ուստի չի կարելի խոսել միայն մեկ խաղացողի սխալի մասին։ Սա թիմային պատասխանատվություն է։
— Ձեր թիմը մոտ 45 րոպե խաղաց թվային առավելությամբ։ Ի՞նչ էիք փորձում անել առավելությունը մեծացնելու համար, և ինչո՞ւ դա չստացվեց։
— Պետք է ընդունել, որ «Սիոնը» հանդես է գալիս ուժեղ առաջնությունում և ունի շատ բարձրակարգ ու թանկարժեք ֆուտբոլիստներ։ Կարծում եմ՝ նման մրցակցի դեմ մենք լավ հանդիպում անցկացրինք։
Այս մակարդակում ցանկացած սխալի համար պատժում են։ Մենք մի քանի լուրջ տակտիկական սխալ թույլ տվեցինք և բավականաչափ չգնահատեցինք գնդակին տիրելու կարևորությունը։ Մրցակցի հեռացումից հետո սկսեցինք ավելի դանդաղ խաղալ, թեև, ընդհակառակը, պետք էր էլ ավելի բարձրացնել արագությունը։
Փոքրամասնության մեջ «Սիոնը» վերադասավորվեց 4-4-1 սխեմայի, և մեզ համար դժվարացավ ճեղքել նրանց պաշտպանությունը։ Հարձակումների եզրափակիչ փուլում պետք է ավելի լավ և վճռական գործենք։
— Թվում է՝ Մարին Յակոլիշն այսօր իր լավագույն հանդիպումը չանցկացրեց և ավելի վատ տեսք ուներ, քան Մարկո Լազետիչը, սակայն փոխարինեցիք հենց Լազետիչին։ Ինչո՞ւ Յակոլիշը մնաց խաղադաշտում մինչև հանդիպման ավարտը։
— Ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ։ Ինձ թվում է՝ Յակոլիշը հիանալի հանդիպում անցկացրեց և շատ օգնեց մեզ։
Խաղից առաջ վնասվածք ստացավ Մարիո Գոնսալեսը, այդ պատճառով հարձակման գծում այնքան էլ շատ տարբերակներ չունեինք։ Բացի այդ, վնասվածք ստացավ Հովհաննես Համբարձումյանը, ինչի պատճառով ստիպված եղանք հարկադրված փոխարինում կատարել։ Երկրորդ խաղակեսում՝ հեռացումից հետո, կրկին ստիպված եղանք խաղացող փոխել։ Արդյունքում փոխարինումների համար գրեթե հնարավորություններ չէին մնացել։
Երբ կատարում էինք վերջին փոխարինումը, ես պատճառ չէի տեսնում փոխելու Յակոլիշին կամ Տակուտո Օշիմային։ Իմ կարծիքով՝ նրանք լավ էին խաղում։ Իհարկե, կան դրվագներ, որոնց վրա պետք է աշխատել, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաև մրցակցի մակարդակը։
— «Նոան» հանդիպման սկզբում շատ ակտիվ պրեսինգ էր կիրառում, սակայն երկու խփած գոլերից և մրցակցի հեռացումից հետո թիմը նվազեցրեց տեմպը։ Դա խաղային պլանի մաս՞ն էր։
— Հեռացումը հնարավոր չէ նախապես պլանավորել կամ ինչ-որ կերպ ազդել դրա վրա։ Բայց մենք իսկապես նախատեսել էինք շատ ակտիվ սկսել հանդիպումը և բարձր պրեսինգ կիրառել։ Մենք կոնկրետ պլան ունեինք, և այն աշխատեց։
Մրցակցի հեռացումից հետո, որքան էլ տարօրինակ է, տակտիկական տեսանկյունից մեզ համար ավելի դժվար դարձավ։ Ի վերջո, մեզ պատժեցին թույլ տված սխալների համար։ Ունենք այն, ինչ ունենք։
— «Նոան» հաճախ օգտագործում է եզրային փոխանցումներ։ Բայց երբ խաղադաշտում չկա Համբարձումյանը, որը լավ փոխանցումներ է կատարում եզրից, իսկ կազմում այլևս չկա Մուլահուսեյնովիչը, որը կարող էր արդյունավետ խաղալ «երկրորդ հարկում», ձեզ չի՞ թվում, որ այս պլանը դառնում է ավելի քիչ արդյունավետ։
— Մենք աշխատում ենք ոչ միայն եզրային փոխանցումների, այլև հարձակողական խաղի բոլոր մյուս բաղադրիչների վրա։ Չեմ կարծում, որ խնդիրը հենց բարձր փոխանցումների մեջ է։
Այսօր փոխանցումների որակի վրա նույնպես մեծ ազդեցություն ուներ քամին։ Մենք յոթ-ութ պոտենցիալ վտանգավոր գրոհ ունեցանք, որոնց ժամանակ քամու պատճառով գնդակը դուրս էր գալիս խաղադաշտի սահմաններից։ Իհարկե, կցանկանայինք հարձակման ժամանակ ավելի քիչ սխալներ թույլ տալ։
— Ի՞նչ ասացիք ֆուտբոլիստներին ընդմիջմանը։
— Ասացի, որ մրցակցի հեռացումից հետո մենք չափազանց դանդաղեցրել ենք խաղը։ Պետք էր ավելացնել մենապայքարներում, որպեսզի ավելի լավ վերահսկեինք գնդակը, ավելի արագ տեղաշարժեինք այն և կորստից հետո ավելի ագրեսիվ վերադարձնեինք։
Ասացի նաև որոշ այլ բաներ, բայց դրանք կմնան իմ և թիմի միջև։
— Ինչո՞ւ թիմը չի կարող ամբողջ հանդիպման ընթացքում պահպանել նույն տեմպն ու խաղամակարդակը։
— Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Հնարավոր է՝ դուք լիովին չեք պատկերացնում, թե որքան ուժեղ է մեր մրցակիցը և որքան դժվար էր նրա դեմ խաղալը։ Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, և ես գոհ եմ մեր խաղից։
— Որքանո՞վ է Կալիֆալա Դումբիան պատրաստ մրցակցել Մարկո Լազետիչի և Մարիո Գոնսալեսի հետ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։
— Դա կախված է միայն իրենից։ Նա խաղացել է «Սյունիկի» դեմ, և մենք վերլուծել ենք այդ հանդիպումը։ Նա դեռ շատ առումներով պետք է առաջադիմի։
Եթե տեսել եք այդ խաղը, ապա նա նորմալ խաղաց։ Բայց մեզ պարզապես նորմալը բավարար չէ։ Նա դեռ երիտասարդ ֆուտբոլիստ է, նրան անհրաժեշտ է հարմարվել ակումբին և նոր մակարդակին։
«Նոայում» մրցակցությունը փոքր-ինչ այլ է, քան մրցաշարային աղյուսակի ստորին հատվածի թիմերում։ Նրան մի փոքր ժամանակ է պետք, և ես վստահ եմ, որ նա մեզ մեծ օգուտ կտա։ Իսկ խաղաժամանակի քանակը կախված է միայն իրենից։
— Ի՞նչ կասեք Գուստավո Սանգարեի խաղի մասին։ Թվում է՝ նա խաղադաշտում լավագույններից մեկն էր։ Եվ երկրորդ հարցը․ երբ մրցակիցը բարձրացնում էր արագությունը, «Նոան» լուրջ խնդիրներ էր ունենում։ Ինչպե՞ս եք պատրաստվում դրան դիմակայել պատասխան խաղում։
— Սանգարեի հարցում համաձայն եմ ձեզ հետ։ Նա ֆանտաստիկ խաղաց։ Կարծում եմ՝ դա ակումբում նրա լավագույն հանդիպումն էր։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ նա կարող է ավելի լավ խաղալ։
Նման թիմերի դեմ կարելի է պաշտպանվել ցածր բլոկով, սակայն մենք որոշեցինք փորձել բարձր պրեսինգ։ Պետք է հիշել, որ մեր դիմաց հիանալի թիմ էր՝ լավ մարզչով, որը ներկայացնում է շատ բարձր ինտենսիվությամբ առաջնություն։ Որոշ տվյալներով՝ խաղային ինտենսիվությամբ դա աշխարհի երկրորդ առաջնությունն է։ Դա պետք է հարգել։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, դրա մասին կմտածենք «Շիրակի» հետ խաղից հետո։ Սկզբում մեզ առաջնությունում դժվար արտագնա հանդիպում է սպասվում, որին նույնպես պետք է լավ պատրաստվենք։ Դրանից հետո արդեն անմիջականորեն կսկսենք նախապատրաստվել «Սիոնի» դեմ պատասխան խաղին։
— Նման հանդիպումից հետո ոչ-ոքին կարող է գրեթե պարտության պես զգացվել։ Համաձա՞յն եք։
— Ոչ, իհարկե։ Մենք չենք պարտվել։ «Սիոնի» հետ խաղացինք 2:2։ Դա պարտություն չէ։
— Դուք շատ եք խոսում «Սիոնի» ուժի մասին։ Բայց եթե անցնեք այս թիմին և հանդիպեք «Այաքսին», այդ դեպքում ի՞նչ կասեք մրցակցի մասին։
— Ոչ մի նոր բան չեմ ասի՝ համեմատած այն ամենի հետ, ինչ ասել եմ ԱԶ Ալկմարի դեմ հանդիպումներից առաջ։
— Դուք արդեն երկար տարիներ խաղում եք Աբովյանում և լավ գիտեք տեղի պայմանները։ Ինչո՞ւ է քամին մինչ օրս այդքան ուժեղ ազդում թիմի խաղի վրա։
— Այսօր քամին իսկապես շատ ուժեղ էր և անընդհատ փոխում էր ուղղությունը։ Դա գործնականում անհնար էր կանխատեսել։ Դրա պատճառով մեզ մոտ իսկապես սխալներ էին առաջանում։
— Կարելի՞ է ասել, որ նաև դուք՝ որպես գլխավոր մարզիչ, սխալներ թույլ տվեցիք այս հանդիպումում։
— Ես եմ ընտրում կազմը և որոշում մարտավարությունը, հետևաբար ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է։ Երբ թիմը հաղթում է, ամբողջ փառքը բաժին է հասնում ֆուտբոլիստներին։ Երբ պարտվում ենք կամ վատ ենք խաղում, պատասխանատվությունը կրում է գլխավոր մարզիչը։ Այնպես որ՝ այո, պատասխանատվությունն ինձ վրա է։
Բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, թե այսօր ինչ թիմի դեմ էինք խաղում։
— Դուք խոսում եք «Սիոնի» ուժի մասին, բայց այն, այնուամենայնիվ, թոփ-թիմ չէ։ Ընդ որում՝ «Նոան» խնդիրներ ուներ նաև ավելի թույլ «Զիմբրուի» դեմ հանդիպումներում։
— Ես բացարձակապես համաձայն չեմ ձեզ հետ, թեև դուք իրավունք ունեք ունենալու ձեր կարծիքը։ «Սիոնը» շատ ուժեղ թիմ է՝ շատ ուժեղ առաջնությունից։
Ինչ վերաբերում է «Զիմբրուին», ապա երկու հանդիպումներում էլ մենք ամբողջությամբ վերահսկում էինք խաղը։ Նրանք նույնպես վատ կազմ չունեին։ Եվրագավաթներում ընդհանրապես ցանկացած մրցակցի դեմ դժվար է խաղալ։
Ես արդեն ասել եմ, որ թիմի խաղի ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է։ Բայց միևնույն ժամանակ մենք արդեն 23 հանդիպում անընդմեջ չենք պարտվում, հաղթել ենք երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։ Մենք դարձանք առաջին հայկական թիմը, որը դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ։ Մենք 4:0 հաշվով հաղթեցինք «Արարատ-Արմենիային»։
Եթե կարծում եք, որ այս ամենը բավարար չափով լավ չէ, ապա դրա պատասխանատվությունը նույնպես ինձ վրա է։
— Ի՞նչ վիճակում են այժմ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները։
— Համբարձումյանի վերաբերյալ դեռ վաղ է եզրակացություններ անել։ Նա վնասվածք ստացավ մենապայքարի ժամանակ․ մրցակիցը հարվածեց նրա ոտքին։ Պետք է հետազոտություն անցկացնենք և հասկանանք, թե որքան լուրջ է վնասվածքը։
Մարիո Գոնսալեսին բավական երկար վերականգնման շրջան է սպասվում։ Նա վնասվածք է ստացել գնդակին հարվածելու պահին։
Ինչ վերաբերում է Սուալեհեին, նրան նույնպես անհրաժեշտ է հետազոտություն անցնել, որից հետո կհասկանանք նրա վիճակը։
— Գո՞հ եք պաշտպանության գծում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից։
— Ես գոհ եմ իմ բոլոր ֆուտբոլիստներից։ Նրանք ամեն ինչ արեցին հաղթանակի համար։
— Ի՞նչ սպասել «Նոայից» պատասխան հանդիպմանը։
— Երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, փորձում ենք չմտածել մրցակցի կարգավիճակի մասին, այլ կենտրոնանում ենք մեր լավագույն խաղը ցուցադրելու վրա։
Այժմ մեզ առջևում «Շիրակի» դեմ դժվար արտագնա հանդիպում է սպասվում։ Սկզբում կպատրաստվենք դրան, իսկ արդեն դրանից հետո ամբողջությամբ կկենտրոնանանք «Սիոնի» դեմ պատասխան հանդիպման վրա։