Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի ընտրանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը կդառնա նիդերլանդցի մասնագետ Ջոն վան’տ Սխիպը։ AmanVIBE-ի տեղեկություններով, որոնք ներկայացնում է Sports.kz-ը, 62-ամյա մարզիչը օգոստոսի 7-ին պաշտոնապես կներկայացվի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս պաշտոնապես չի հայտնել նոր մարզչի անունը, սակայն հաստատել է, որ նրա շնորհանդեսը կկայանա Աստանայի Ֆուտբոլի տանը։
Վան’տ Սխիպի աշխատանքի վերջին վայրը Հայաստանի ազգային հավաքականն էր։ Նիդերլանդցի մասնագետը թիմը գլխավորել էր 2025 թվականի փետրվարի 17-ին, սակայն պաշտոնը լքեց արդեն օգոստոսի 6-ին՝ նշանակումից շուրջ վեց ամիս անց։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ կողմերը դադարեցրել են համագործակցությունը փոխադարձ համաձայնությամբ։
Վան’տ Սխիպի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց չորս հանդիպում՝ չտոնելով ոչ մի հաղթանակ։ Երեք խաղ ավարտվեց պարտությամբ, իսկ մեկը՝ ոչ-ոքի։
Առաջին երկու հանդիպումները Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականի դեմ էին։ Երևանում Հայաստանի ընտրանին պարտվեց 0։3 հաշվով, իսկ Թբիլիսիում կայացած պատասխան խաղում կրեց խոշոր պարտություն՝ 1։6։ Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով Հայաստանը զիջեց 1։9 հաշվով։
Հունիսին վան’տ Սխիպի թիմն անցկացրեց ևս երկու ընկերական հանդիպում։ Սկզբում Հայաստանի հավաքականը 2։5 հաշվով պարտվեց Կոսովոյին, այնուհետև 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ։
Այսպիսով, նիդերլանդցի մասնագետի ցուցանիշը Հայաստանի հավաքականի ղեկին կազմեց երեք պարտություն և մեկ ոչ-ոքի՝ խփած ու բաց թողած գոլերի 5։16 հարաբերակցությամբ։
Վան’տ Սխիպի հեռանալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը գլխավորեց Եղիշե Մելիքյանը։ Նրա նշանակումը հաստատվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կողմից նույն օրը, երբ հայտարարվեց նիդերլանդցի մարզչի հեռանալու մասին։
Սպասվում է, որ վան’տ Սխիպի գլխավորությամբ Ղազախստանի հավաքականը կշարունակի ելույթները աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում։
Մարզչական կարիերայի ընթացքում նիդերլանդցի մասնագետը նաև աշխատել է Հունաստանի ազգային հավաքականում, Ամստերդամի «Այաքսում», «Տվենտեում», «Զվոլեում», մեքսիկական «Գվադալահարայում» և ավստրալական «Մելբուրն Սիթիում»։