Ի՞նչ է հայտնի «Սիոնի» կազմի մասին՝ Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» այսօրվա մրցակցի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայում կմրցի շվեյցարական «Սիոնի» հետ։ Հայաստանի չեմպիոնի մրցակցի գլխավոր առանձնահատկությունը թիմային խաղակցվածությունն է։ Հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծ մասը մի քանի տարի է՝ հանդես է գալիս միասին, իսկ նրանցից շատերը թիմի հետ անցել են Շվեյցարիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնից մինչև Սուպերլիգա տանող ճանապարհը։
Միևնույն ժամանակ «Սիոնն» ունի բավականին կարճ պահեստայինների նստարան, ինչի պատճառով մարզչական շտաբը գրեթե չի դիմում ռոտացիայի։ Հիմնական չորս պաշտպաններն էլ մասնակցել են թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր չորս հանդիպումներին՝ ինչպես ազգային առաջնությունում, այնպես էլ Կոնֆերենցիաների լիգայում։
Պաշտպանությունում գրեթե չկան համարժեք փոխարինողներ։ Բացի այդ, շվեյցարական թիմին չի օգնի կոսովացի պաշտպան Կրեշնիկ Հայրիզին, որը նախորդ մրցաշրջանում հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն էր, սակայն այժմ վնասվածք ունի։
Նմանատիպ իրավիճակ է նաև դաշտի կենտրոնում։ Էդգար Կաբակալմանը և Բալթազարը գրեթե այլընտրանք չունեն ու մեծ խաղային ծանրաբեռնվածություն են ստանում։ Հարձակման գծում մարզչական շտաբի ընտրությունը փոքր-ինչ ավելի լայն է, սակայն այստեղ ևս լուրջ կորուստ կա․ չի կարող խաղալ Բենժամեն Կոլոլին, որը նախորդ մրցաշրջանն ավարտել է 7 գոլով և 2 գոլային փոխանցմամբ։
«Սիոնի» գլխավոր աստղերը
Շվեյցարական թիմի հիմնական ստեղծագործ ուժը Իլյաս Շուարեֆն է։ Մալթայի հավաքականի ֆուտբոլիստը «Սիոնում» անցկացնում է արդեն հինգերորդ մրցաշրջանը։ Նախորդ առաջնությունում նա դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։
Թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն ու հիմնական հարձակվողը Ուինսլի Բոտելին է։ Նա շատ հաջող է սկսել ընթացիկ մրցաշրջանը՝ իր հաշվին գրանցելով 3 գոլ և 1 գոլային փոխանցում։ Այսպիսով, հարձակվողը արդյունավետ գործողություն է կատարել թիմի անցկացրած բոլոր չորս հանդիպումներում։
Նախորդ մրցաշրջանում Բոտելին «Սիոնում» հանդես էր գալիս վարձավճարով, իսկ ամռանը շվեյցարական ակումբը նրան Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» գնել է 3,5 միլիոն եվրոյով։
Գերմանիայում 20-ամյա շվեյցարացին հանդես էր գալիս «Բորուսիայի» երկրորդ թիմում։ Նա չորս հանդիպում է անցկացրել հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ։ Այդ խաղերում Ռանոսը երեք գոլ է խփել, մինչդեռ Բոտելին ամբողջ մրցաշրջանի ընթացքում 25 խաղում աչքի է ընկել ընդամենը երեք անգամ։ Այժմ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։
«Սիոնի» ևս մեկ վտանգավոր հարձակվող է բարձրահասակ կոսովացի Ռիլինդ Նիվոկազին։ Նախորդ մրցաշրջանը նա ավարտել է 13 գոլով և 5 գոլային փոխանցմամբ։
Մրցակցի ուժեղ և թույլ կողմերը
«Սիոնի» մեկնարկային կազմն ու խաղային սխեման բավականին կանխատեսելի են․ գրեթե միշտ պարզ է, թե որ ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ։ Մի կողմից՝ սա լավ խաղակցված թիմ է՝ հզոր հարձակման գծով։ Մյուս կողմից՝ ցանկացած վնասվածք կամ որակազրկում կարող է լուրջ խնդիր դառնալ թիմի համար։
«Նոային» չափազանց բարդ փորձություն է սպասվում, սակայն շվեյցարական ակումբն ունի նաև խոցելի կողմեր։ Լիարժեք ռոտացիայի բացակայության պատճառով պաշտպանների և կենտրոնական կիսապաշտպանների խաղի վրա կարող է ազդել հոգնածությունը։ Թիմը կորցրել է նաև պաշտպանության հիմնական ֆուտբոլիստներից մեկին, իսկ եզրային պաշտպանությունը անանցանելի չի թվում։
«Յանգ Բոյզից» կրած 2։4 հաշվով պարտությունը ցույց տվեց, որ «Սիոնի» պաշտպանությունը հնարավոր է ճեղքել։
«Նոայի» գլխավոր խնդիրը կլինի մրցակցի հզոր հարձակման զսպումը։ Հայաստանի չեմպիոնը պետք է դիմակայի մեկնարկային ճնշմանը, հուսալի գործի պաշտպանությունում և փորձի օգտվել շվեյցարական թիմի կազմի սահմանափակ խորությունից։