«Հարգում ենք «Սիոնին», բայց գիտենք՝ ինչի ենք ընդունակ». Պերկովիչն ու Մանվելյանը՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 6-ին Աբովյանում «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կընդունի շվեյցարական «Սիոնին»։ Հանդիպումը Աբովյանի քաղաքային մարզադաշտում կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 20:00-ին։
Խաղի նախօրեին լրագրողների հարցերին պատասխանեցին «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և թիմի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։ Հայկական ակումբի մարզիչը խոսեց մրցակցի ուժեղ կողմերի, թիմի նախապատրաստության և երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման մասին, իսկ Մանվելյանը գնահատեց սեփական մարզավիճակն ու թիմում տիրող մթնոլորտը։
Սանդրո Պերկովիչի և Գոռ Մանվելյանի մամուլի ասուլիսը
— Ի՞նչ կարծիք ունեք առաջիկա մրցակցի մասին։
— Սա շատ լավ թիմ է։ Որոշ տվյալներով՝ նրանք հանդես են գալիս մի առաջնությունում, որը խաղերի ինտենսիվությամբ աշխարհում երկրորդ տեղում է։ Մեզ համար սա լուրջ փորձություն և մեծ մարտահրավեր կլինի։ Մենք գիտեինք, թե ինչի պետք է պատրաստվենք, և հասկանում ենք, թե ինչպես պետք է խաղանք։ Եթե կարողանանք գործել մրցակցի չափ ինտենսիվ, ապա կկարողանանք հաջողության հասնել։ Մենք հարգում ենք «Սիոնին», բայց հարգում ենք նաև ինքներս մեզ և մեր խաղը։ Մենք գիտենք՝ ինչի ենք ընդունակ։
— Նմանություններ կա՞ն Հայաստանի և Շվեյցարիայի առաջնությունների միջև։
— Չեմ կարծում, որ դրանք որևէ ընդհանրություն ունեն։
— Ի՞նչ կասեք Հայաստանի առաջնությունում մրցակցության մասին, և ինչպիսի՞ հավակնություններ ունի «Նոան»։
— Հայաստանի առաջնությունը շատ մրցակցային է, այստեղ իսկապես դժվար է խաղալ։ Առաջնությունում կան բազմաթիվ փորձառու ֆուտբոլիստներ և լավ մարզիչներ։
Ես շատ ուրախ եմ այն արդյունքների համար, որոնք եվրագավաթներում ցույց տվեցին հայկական բոլոր չորս ակումբները։ Դրանք հաստատեցին Հայաստանի առաջնության ուժի մասին իմ խոսքերը։ Մոտ մեկ տարի առաջ ես արտահայտեցի իմ կարծիքն այս մրցաշարի վերաբերյալ, սակայն այն ժամանակ ինձ չէին հավատում։ Այժմ հայկական ակումբների արդյունքներն ապացուցում են, որ ես ճիշտ էի։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել հայկական բոլոր ակումբներին եվրագավաթներում հաջող ելույթների կապակցությամբ։ Հուսով եմ, որ նրանցից մեկը կկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։ Դա ֆանտաստիկ խթան կլիներ հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Համոզված եմ, որ նման հաջողությունից հետո ամբողջ հայկական ֆուտբոլը կսկսի շատ ավելի արագ զարգանալ։
Ինչ վերաբերում է «Նոային», մենք շատ հավակնոտ ենք և չենք ցանկանում հիշվել միայն մեկ հաջողությամբ։ Մենք երջանիկ ենք, որ ակումբն ունի սեփականատեր, որը հասկանում է ֆուտբոլը։ Մենք թիմը կառուցել ենք քայլ առ քայլ։ Դուք կարող եք տեսնել մեր ենթակառուցվածքները, և կարծում եմ՝ դրանք բարձր գնահատականի են արժանի։ Մեր ակադեմիան նույնպես շատ լավ է աշխատում երեխաների հետ, ուստի ակումբը հրաշալի ապագա ունի։
— Այս խաղից ընդամենը երեք օր առաջ «Նոան» հանդիպում անցկացրեց առաջնությունում։ Ֆուտբոլիստները հասցրե՞լ են վերականգնվել։
— Նման խաղից առաջ դա ընդհանրապես նշանակություն չունի։ Մենք անհամբեր սպասում էինք այս հանդիպմանը, և ոչինչ չի կարող խանգարել մեզ պատրաստ ներկայանալ դրան։ Նույնիսկ եթե այսօր խաղայինք «Սյունիքի» դեմ, միևնույն է, պատրաստ կլինեինք։ Այդպիսին է մեր հոգեբանությունը։ Թիմը լիովին պատրաստ է։
— «Սիոնը» ընդամենը երկու անգամ է դարձել Շվեյցարիայի չեմպիոն, սակայն հաճախ է նվաճել երկրի գավաթը։ Թիմը համարվում է գավաթային մարտիկ, որը լավ է հանդես գալիս փլեյ-օֆֆի հանդիպումներում։ Որքանո՞վ դա կազդի առաջիկա դիմակայության վրա։
— Ամեն դեպքում մեզ համար դժվար է լինելու։ Շվեյցարիայի առաջնությունը Եվրոպայի ուժեղագույն առաջնություններից մեկն է։ Այնտեղ հանդես են գալիս հայտնի թիմեր, կան հրաշալի ֆուտբոլիստներ և զարգացած ենթակառուցվածքներ։ Խաղերի ժամանակ մարզադաշտերը լեփ-լեցուն են լինում, իսկ երկրում շատ ուժեղ ֆուտբոլային մշակույթ կա։
Կարծում եմ՝ մեզ շատ բարդ խաղ է սպասվում։ Եթե նայենք «Սիոնի» կազմին, կարող ենք նկատել, որ շատ ֆուտբոլիստներ արդեն երեքից հինգ տարի է՝ հանդես են գալիս ակումբում։ Նույնիսկ գլխավոր մարզիչը բավական երկար ժամանակ է աշխատում թիմի հետ, ինչը այս ակումբի համար բավական անսովոր է։ Նրանք ունեն անհատապես ուժեղ խաղացողներ։
Մեզ համար սա լավ մարտահրավեր է և հնարավորություն՝ հասկանալու, թե ներկայումս ինչ մակարդակի վրա ենք գտնվում և արդյոք ունակ ենք դիմանալու նման ինտենսիվությանը։ Միևնույն ժամանակ մենք անհամբեր սպասում ենք այս խաղին և լիովին պատրաստ ենք դրան։
— Նախորդ մրցաշրջանում «Նոան» մեծ ուրախություն և հույս պարգևեց հայկական ֆուտբոլին, ինչպես նաև օգնեց բարձրացնել դրա մակարդակը։ Արդյո՞ք այդ հաջողությունն ավելացրել է այն պատասխանատվությունը, որն այսօր կրում է թիմը։
— Չեմ կարծում, որ այդ պատասխանատվությունը լրացուցիչ անհանգստություն է առաջացնում։ Ամեն դեպքում մենք պատասխանատվություն ենք զգում ինքներս մեր, մեր խաղի, ընտանիքների և ակումբի սեփականատիրոջ առջև։
Գլխավորը մեր ֆուտբոլը ցուցադրելն է, հասկանալը, թե ում դեմ ենք խաղում և ինչպես պետք է գործենք։ Մենք կենտրոնանալու ենք միայն մեր սեփական խաղի վրա։
— Ի՞նչ կասեք Ալբերտ Գարեգինյանի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա զարգացումը, և ի՞նչ ծրագրեր ունի մարզչական շտաբը նրա հետ կապված այս մրցաշրջանում։
— Ես շատ ուրախ եմ նրա համար։ Նա խփեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը։ Երիտասարդ ֆուտբոլիստի համար դա մեծ իրադարձություն է, որը նա կհիշի ամբողջ կյանքում։
Ծնողները նրան շատ լավ են դաստիարակել։ Նա հրաշալի մարդ է և օրինակ է մյուսների համար։ Հուսով եմ՝ այդպիսին էլ կմնա։ Կարծում եմ՝ եթե Ալբերտը շարունակի աշխատել այնպես, ինչպես հիմա, ապա 10–15 տարի անց կդառնա Հայաստանի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։
Նա արդեն օգնել է մեր թիմին, սակայն ընդամենը 17 տարեկան է, ուստի մենք պետք է համբերատար լինենք և ամեն ինչում աջակցենք նրան։ Նա խաղաժամանակ կստանա այնքան հաճախ, որքան հնարավոր է։ Ես արդեն նրան հիմնական թիմի ֆուտբոլիստ եմ համարում։
— Նատանայել Սենտինին «Սիոնից» տեղափոխվել է «Նոա»։ Ինչպե՞ս է նա օգնել ձեզ խաղին նախապատրաստվելիս։
— Այո, նա մեզ է միացել «Սիոնից», և ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Ես ուրախ եմ, որ նա խաղում է մեր թիմում։
Ես չէի ցանկանում նրա հետ չափազանց շատ խոսել «Սիոնի» մասին, քանի որ առաջիկա հանդիպումը նրա համար հատկապես զգացմունքային կլինի։ Այնուամենայնիվ, մենք որոշ մանրամասներ քննարկել ենք։ Նա օգնեց մեզ ավելի լավ ճանաչել մրցակցի մի քանի ֆուտբոլիստների, և մենք անպայման կօգտագործենք այդ տեղեկությունը խաղի ընթացքում։
— «Սիոնը» հաջողությամբ է հանդես եկել եվրագավաթներում, մասնավորապես՝ Եվրոպայի լիգայի 2015/16 մրցաշրջանում։ Ի՞նչը կլինի այս դիմակայությունում «Նոայի» հաջողության բանալին։
— «Սիոնը» շատ լավ թիմ և ուժեղ ֆուտբոլիստներ ունի։ Ես լավ եմ ճանաչում այս ակումբը․ նախկինում այնտեղ խորվաթ մարզիչ է աշխատել։ Սա իսկապես մեծ ակումբ է։
Նրանք ընդամենը երկու անգամ են դարձել երկրի չեմպիոն, սակայն 13 անգամ նվաճել են Շվեյցարիայի գավաթը՝ հաղթելով մրցաշարի 14 եզրափակիչներից 13-ում։
Բայց այդ ամենը պատմություն է։ Ամենակարևորն այն է, ինչ կա այսօր։ Նրանք լավ կազմ ունեն, բայց մենք նույնպես լավ թիմ ունենք։ Հաջողության հիմնական գրավականը մրցակցի չափ ինտենսիվ գործելն ու մենապայքարներում հաղթելն է։ Հայաստանի առաջնությունում մենք միշտ չէ, որ սովոր ենք պայքարի նման մակարդակի, սակայն եթե կարողանանք հաղթահարել այն, ապա ցույց կտանք մեր իրական մակարդակը։
— Նախկինում աշխատել եք Զագրեբի «Դինամոյում», որն ունի լավագույն ակադեմիաներից մեկը։ Որքանո՞վ կարող եք օգնել «Նոային» նման հաջողության հասնելու հարցում։
— Այժմ ես առաջին թիմի գլխավոր մարզիչն եմ, կատարում եմ իմ աշխատանքը և չեմ կարող ուղղակիորեն ազդել ակադեմիայի վրա։ Իմ կարծիքով՝ դեռ շատ ժամանակ կպահանջվի, և մեծ աշխատանք պետք է կատարվի։
Սակայն կարող եմ ասել մի բան, որը չէի ասի Խորվաթիայի մասին․ Հայաստանում երեխաները շատ են սիրում ֆուտբոլը և սիրում են խաղալ։ Ես դա տեսնում եմ փողոցներում, և պետք է օգտվել դրանից։ Ակադեմիայում տեսնում եմ, թե ինչպես են յոթից մինչև 15 տարեկան երեխաները հաճույք ստանում ֆուտբոլից։ Դա շատ կարևոր եմ համարում։
Հայաստանում կա ամեն ինչ՝ լավ ակադեմիա և հրաշալի ֆուտբոլային ապագա ստեղծելու համար։ Դրա ապացույցն այն է, որ վերջին տասնամյակի աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն ազգությամբ հայ էր։ Պետք է օգտագործել այս ամենը, ինչպես նաև հայկական ակումբների հաջող ելույթները եվրագավաթներում։ Դա կարող է օգնել հայկական ֆուտբոլին ևս մեկ քայլ առաջ կատարել։
— Կցանկանայի՞ք, որ պատասխան հանդիպումն անցկացվեր տանը, ոչ թե արտագնա դաշտում։
— Ամենայն հավանականությամբ՝ այո։ Սակայն այս դիմակայությունում մեզ 180 րոպե է սպասվում, և այդ ամբողջ ընթացքում մենք պետք է շատ լավ խաղանք։
— «Զիմբրուի» դեմ հանդիպումներից առաջ բավականաչափ ժամանակ ունեիք նախապատրաստվելու համար։ Այժմ մեկնարկել է Հայաստանի առաջնությունը, ուստի ժամանակը զգալիորեն ավելի քիչ է։ Ինչի՞ վրա է թիմն ամենաշատն աշխատել մարզումների ընթացքում։
— Մարզչական շտաբն այս օրերին շատ մեծ աշխատանք է կատարել։ Մենք գրեթե նույնիսկ քնելու ժամանակ չենք ունեցել։ Ֆուտբոլիստները ստացել են անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը։
Մենք ամեն ինչ վերլուծել և քննարկել ենք, անցկացրել ենք տակտիկական նախապատրաստություն։ Մի խոսքով՝ արել ենք այն ամենը, ինչ անում ենք ցանկացած այլ խաղից առաջ։ Բոլոր մարզումները նվիրված էին նրան, որ թիմը «Սիոնի» դեմ խաղերին ներկայանա լավագույն մարզավիճակում։
Գոռ Մանվելյան
— Ինչպե՞ս ես քեզ զգում։
— Ինձ շատ լավ եմ զգում։ Լավ մարզավիճակում եմ և զգում եմ մարզչի վստահությունը։ Ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար։
— Ի՞նչ ես մտածում մրցակցի մասին։ Այն ձեր ուժերի սահմաններո՞ւմ է։
— Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի։ Գիտենք, որ «Սիոնը» ուժեղ թիմ է, և մեզ ծանր հանդիպում է սպասվում։ Բայց մենք պատրաստ ենք դրան։
— «Նոայի» հարձակման գծում հինգ նորեկ է հայտնվել։ Ինչպե՞ս է ստացվում նրանց հետ փոխգործակցությունը, և ընդհանուր առմամբ ինչպե՞ս ես գնահատում նոր ֆուտբոլիստներին։
— Թիմի նորեկները շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, ուստի նրանց հետ հեշտ է խաղալ։ Նրանք լավ որակներ ունեն։ Համոզված եմ, որ ապագայում մեր փոխըմբռնումն ավելի լավը կդառնա։
— Եվրագավաթային մրցաշրջանի առաջին երկու խաղերում գոլ ես խփել և գոլային փոխանցում կատարել։ Որքանո՞վ է դա քեզ ոգևորում։
— Դա շատ է մոտիվացնում։ Իմ գլխավոր խնդիրն է օգնել թիմին հաղթել։ Ես հասկանում եմ, որ իմ գոլերն ու գոլային փոխանցումներն օգնում են հաղթանակների հասնել։ Սակայն ամենակարևորը ամբողջ թիմի արդյունքն է։
— «Նոային» շատ ծանր ճանապարհ է սպասվում դեպի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։ Ի՞նչ տրամադրություն է այժմ թիմում։
— Այո, հասկանում ենք, որ առջևում ծանր ճանապարհ է։ Սակայն, ինչպես արդեն ասացի, պատրաստ ենք հաղթահարել այն։ Համոզված եմ, որ խաղադաշտում դրա համար կանենք հնարավոր ամեն ինչ։