Պաշտոնական. Մարիո Գոնսալեսը տեղափոխվել է «Նոա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իսպանացի հարձակվող Մարիո Գոնսալեսը կարիերան կշարունակի Հայաստանի առաջնությունում։ «Նոան» պաշտոնապես հայտարարել է 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին իսպանական երկրորդ Լա Լիգան ներկայացնող «Բուրգոսից»։
Գոնսալեսը երևանյան ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։
Իր կարիերայի ընթացքում իսպանացի հարձակվողը հանդես է եկել «Վիլյառեալում», «Բրագայում», «Լոս Անջելեսում», «Սպորտինգ Խիխոնում», «Լեխ Պոզնանում», «Լյովենում» և «Բուրգոսում»։
Նախորդ մրցաշրջանում Գոնսալեսը «Բուրգոսի» կազմում դարձել է 5 գոլի հեղինակ։ Ավելի վաղ՝ 2022/23 մրցաշրջանում, նա արդյունավետ խաղ է անցկացրել Բելգիայի բարձրագույն լիգայում, որտեղ «Լյովենի» կազմում աչքի է ընկել 13 անգամ։
Մարիո Գոնսալեսը դարձավ «Նոայի» հերթական ամառային նորեկը։ Ավելի վաղ Հայաստանի գավաթակիրն արդեն պայմանագիր էր կնքել դարպասապահներ Դանիել Ֆիգեյրայի և Դավիթ Դավթյանի հետ։
Հիշեցնենք, որ «Նոան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ։