Պաշտոնական. Խորեն Բայրամյանը հեռացավ «Ռոստովից» և տեղափոխվեց «Ուրալ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կարիերան կշարունակի «Ուրալում»։ Եկատերինբուրգյան ակումբը պաշտոնապես հայտարարել է 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Բայրամյանը հեռացավ «Ռոստովից» պայմանագրի ավարտից հետո։ Դոնի ակումբում նա անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի գրեթե ամբողջ ընթացքը․ հիմնական թիմում նորամուտը նշել է 2011 թվականին և 15 մրցաշրջանի ընթացքում անցկացրել 261 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։
«Ռոստովի» կազմում Բայրամյանը դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, հանդես է եկել եվրագավաթներում և Եվրոպա լիգայում խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Ընդհանուր առմամբ, նրա հաշվին կա 216 հանդիպում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
Բայրամյանի համար «Ուրալը» կդառնա կարիերայի հինգերորդ ակումբը։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Ռոտորում», «Վոլգարում» և «Ռուբինում», սակայն հենց «Ռոստովը» դարձավ նրա ֆուտբոլային կյանքի գլխավոր ակումբը։
2020-ից 2023 թվականներին Խորեն Բայրամյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 22 հանդիպում և խփել 2 գոլ։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հնարավորություն ուներ մնալ «Ռոստովում», սակայն արդեն ոչ թե որպես խաղացող։ Բայրամյանը, սակայն, դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան։
«Ես դեռ ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ։ “Ուրալի” առջև դրված է ՌՊԼ վերադառնալու խնդիր, և ուզում եմ օգնել այն լուծել», — ասել է Բայրամյանը։
Խորենը նաև դիմել է «Ռոստովի» երկրպագուներին, որոնք երկար տարիներ աջակցել են իրեն։
«Կարևոր չէ, թե հիմա որտեղ եմ․ իմացեք մի բան՝ դուք հավերժ իմ սրտում եք», — նշել է ֆուտբոլիստը։
Նոր մրցաշրջանում «Ուրալը» հանդես կգա Առաջին լիգայում և մտադիր է պայքարել ՌՊԼ վերադառնալու համար։