Գերմանական ֆուտբոլային ակումբը «Նոայի» դեմ խաղում աջակցել է «Փյունիկին» ֆան-սեկտորում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» — «Նոա» խաղի ժամանակ երևանյան ակումբի ֆան-սեկտորում կարելի էր նկատել կանաչ մարզաշապիկներով երկրպագուների անսովոր խմբի։ Ինչպես պարզվեց, նրանք պարզապես արտասահմանցի գրաունդհոփերներ չէին և ոչ էլ հանդիպումը սպասարկող գերմանացի մրցավարական բրիգադի անձնական աջակցության խումբ։
Արտասահմանցի հյուրերը Գերմանիայի Բադ-Ցվիշենան համայնքը ներկայացնող «ՏուՍ Էքերն» ֆուտբոլային ակումբի խաղացողներն էին։ Թիմը հանդես է գալիս Գերմանիայի սիրողական ֆուտբոլի Առաջին տարածաշրջանային լիգայում։
Գերմանացի ֆուտբոլիստները դեռ մարտ ամսին էին պլանավորել այս հանգստյան օրերին Երևան կատարելիք իրենց այցը։ Ուղևորության նպատակը ոչ միայն հայկական ֆուտբոլին, այլև տեղական մշակույթին ծանոթանալն էր։ Նախատեսվող այցի մասին ակումբը հայտնել էր նաև իր սոցիալական ցանցերում, իսկ փոքրիկ հայկական ուղևորության համար հյուրերը նույնիսկ հատուկ մարզաշապիկներ էին պատրաստել։
Ինքը՝ հանդիպումը, ճիշտ է, ամենավառը չստացվեց․ «Փյունիկ» — «Նոա» խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Սակայն «ՏուՍ Էքերնի» ֆուտբոլիստների համար ուղևորությունը, միևնույն է, դարձավ հիշարժան։ Ֆան-սեկտորում նրանք մասնակցեցին «Փյունիկի» երկրպագուների հետ իսկական մշակութային փոխանակման՝ միասին աջակցեցին թիմին, վանկարկումներ արեցին և դարձան տրիբունաներում ստեղծված վառ մթնոլորտի մի մասը։
Գերմանական սիրողական ակումբի այսքան լուրջ և ջերմ մոտեցումը ֆուտբոլային ճանապարհորդությանը հարգանքի է արժանի։ Հայ երկրպագուների համար սա նույնպես հաճելի դրվագ դարձավ․ Հայաստանի առաջնության խաղը գրավեց ոչ միայն տեղացի երկրպագուների, այլև Գերմանիայից ժամանած հյուրերի ուշադրությունը։