Մարկ Գևորգյանը հեռանում է «Հանովեր 96»-ից և կդառնա ազատ գործակալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
20-ամյա աջ պաշտպան Մարկ Գևորգյանն այս ամառ կստանա ազատ գործակալի կարգավիճակ և «Հանովեր 96»-ի համակարգից հեռանալուց հետո կփնտրի նոր ակումբ։
Ֆուտբոլիստը գերմանական ակումբի երիտասարդական թիմում անցկացրել է երկու տարի։ Ընդ որում՝ առաջին մրցաշրջանը Գևորգյանի համար փաստացի կորսված էր վնասվածքի պատճառով, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա կարողացավ վերադառնալ լիարժեք խաղային պրակտիկայի և դարձավ U23 թիմի կազմի խաղացողներից մեկը։
2025/26 մրցաշրջանում Գևորգյանը հանդես էր գալիս «Հանովեր 96 U23»-ի կազմում Հյուսիսային Ռեգիոնալ լիգայում։ Նրա հաշվին կա 28 հանդիպում և մեկ գոլային փոխանցում։ Բացի այդ, ձմեռային հավաքների ընթացքում պաշտպանը ներգրավվել էր հիմնական թիմի մարզումներին և մասնակցել մի քանի ընկերական հանդիպումների, սակայն Երկրորդ Բունդեսլիգայում նորամուտը այդպես էլ չկայացավ։
Մրցաշրջանի ավարտից հետո երիտասարդական թիմի մի շարք ֆուտբոլիստներ պրոֆեսիոնալ պայմանագրեր ստացան «Հանովեր 96»-ի առաջին թիմի հետ, սակայն Գևորգյանը նրանց թվում չէր։ Այսպիսով, պաշտպանը կլքի ակումբը պայմանագրի ավարտից հետո։
Մրցաշրջանի եզրափակիչ խաղում «Հանովեր 96 U23»-ը Հյուսիսային Ռեգիոնալ լիգայում ավարտեց ելույթները 6-րդ տեղում։ Հանդիպումից հետո Մարկ Գևորգյանը ակումբից ստացավ հիշատակի նվեր և հրաժեշտ տվեց թիմին։
Այժմ 20-ամյա պաշտպանը կարիերան կշարունակի նոր թիմում, որտեղ կտեղափոխվի արդեն ազատ գործակալի կարգավիճակով։
