«Կրասնոդարը» 11-մետրանոցներով պարտվեց «Սպարտակին» և ավարտեց մրցաշրջանը առանց տիտղոսների
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարը» պարտվեց Մոսկվայի «Սպարտակին» Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին կարմիր-սպիտակները։
Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին․ «Սպարտակի» կիսապաշտպան Պաբլո Սոլարին առաջ մղեց իր թիմին։ Ընդմիջումից հետո «Կրասնոդարը» կարողացավ վերադառնալ խաղ։ 57-րդ րոպեին Դուգլաս Աուգուստոն խփեց պատասխան գոլը՝ վերականգնելով հավասարակշռությունը։
«Կրասնոդարի» գոլային գրոհում կարևոր դեր խաղաց Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կենտրոնական գոտուց սկսեց հիանալի կոմբինացիա, որից հետո կրասնոդարցիները գրոհը հասցրին արդյունավետ ավարտի։
11-մետրանոց հարվածաշարում Սպերցյանը վստահ իրացրեց իր հարվածը, սակայն նրա թիմը, այնուամենայնիվ, պարտվեց։ «Կրասնոդարի» կազմում իրենց փորձերը չկարողացան իրացնել Բոսելլին և Լենինին։
Այսպիսով, «Կրասնոդարը» մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսների։ Թիմը շատ մոտ էր ինչպես չեմպիոնությանը, այնպես էլ Ռուսաստանի գավաթում հաղթանակին, սակայն վճռորոշ պահերին երկու տիտղոսներն էլ բաժին հասան մրցակիցներին։